երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ, բայց դրանք ՀՀ սեփականությունն են. Փաշինյան

Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ, բայց դրանք ՀՀ սեփականությունն են. Փաշինյան

Հայաստանում տնվող կենսաբանական լաբորատորիաները հարյուր տոկոսով Հայաստանի սեփականությունն են: Ճիշտ է, դրանք ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի սեփականությունն են։ Այդ մասին այսօր առցանց ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հարցին։

Այդ թեման, նրա խոսքով, 2018 թվականին բարձրացվել է, երբ Ռուսաստանի գործընկերները մտահոգություններ են բարձրաձայնել։

՛՛Մենք հրավիրել ենք նրանց, ասել ենք՝ եկեք ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունը, եղել են այցելություններ, քննարկումներ, և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքով՛՛,- ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության փաստաթուղթ։

՛՛Կենսաբանությունը գիտություն, և Հայաստանից որևէ գիտնական կարող է Ուկրաինայում տեղի ունեցած որևէ գիտական ծրագրի մասնակցել, և ի՞նչ՛՛,- ասաց նա։

ՀՀ կառավարության ղեկավարն ասաց, որ ռուս գործընկերներին խնդրում են կոնկրետացնել տեղեկատվությունը. ՛՛Այս պահի դրությամբ մեզ մատնացույց չի արվել որևէ գործողություն, մենք սերտ համագործակցում ենք Ռուսաստանի հետ այս հարցում, շարունակելու ենք համագործակցել, բայց դա չի նշանակում, որ գիտության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում մենք այլ երկրների հետ չենք համագործակցելու: Այլ բան, որ մենք պետք է նայենք՝ այդ համագործակցությունը ՌԴ-ի համար սպառնալիք ստեղծո՞ւմ է, թե՞ չի ստեղծում։ Մենք երաշխավորում ենք, որ մեր համագործակցության ընթացքում մեր դաշնակիցների համար սպառնալիքներ չենք ստեղծում և չենք ստեղծի, չնայած մենք նաև մտահոգությունները լսում ենք, փորձում ենք հասկանալ, թե ինչ-որ բան բա՞ց ենք թողել: Չնայած չի կարող դա լինել, բայց եթե ինչ-որ բան բաց ենք թողել և սպառնալիք ենք ստեղծել, մենք բաց ենք քննարկումների համար՛՛:

  • Կիսվել: