Հայաստանում նոր դասագրքեր են ստեղծվել, որոնք նաև «խոսում են» աշակերտների հետ
Մի քանի դպրոցներում տարբեր առարկաներից նոր դասագրքեր են փորձարկվում, որոնք հաջող ընթացք ունենալուց հետո համատարած կիրառում կունենան։
Հայաստանյան մի շարք դպրոցներում որոշ առարկաներ այժմ նոր` փորձնական դասագրքերով են ուսուցանվում, որոնք նաև «խոսում են» աշակերտների հետ։ Փորձնական դասագրքեր կան 7-րդ դասարանի «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն», «Գրականություն» և այլ առարկաներից։
Կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` գականության նոր դասագիրքն, օրինակ, ինքը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն են հեղինակել։
Նրա խոսքով` նոր դասագրքերի դեպքում լավն այն է, որ կան մի քանի հրատարակչությունների դասագրքեր և դպրոցն ինքն է ընտրելու` որ հրատարակչության դասագրքով անցնել առարկան։
Վարդանյանը նշում է, որ դասագիրքը մի շարք առանձնահատկություններ ունի` բուն նյութին զուգահեռ լուսանցքներում տրվում է լրացուցիչ ինֆորմացիա, դասագրքի լեզուն պարզեցվել և երեխայի տարիքային առանձնահատկություններին է հարմարեցվել...
Այսպիսով, ըստ նրա, գրականությունը դառնում է հետաքրքիր և գրավիչ առարկա, այլ ոչ թե անգիրներ անելու, պատմելու դաս։
Ինչ վերաբերում է նորամուծությանը, ապա նոր դասագրքերում նաև քյուառ կոդեր կան, որոնք լրացուցիչ նյութեր են պարունակում։ Անհրաժեշտ է միայն հեռախոսը պահել քյուառ կոդի վրա, ու կարելի է լսել գրողի կյանքի պատմությունը կամ նրա մասին պատմող ինչ–որ ֆիլմ դիտել։
Ի դեպ, Վարդանյանը նույնպես նոր դասագրքով է դասավանդում և նշում է, որ երեխաները մեծագույն ոգևորվածությամբ են սովորում. օրինակ` մեկ դասաժամ մեկ բանաստեղծության վրա են աշխատել և առանց հոգնելու բառային աշխատանքներ, պատկերավորման միջոցների հետ կապված ստեղծագործելու, համադրելու փորձեր են արել։
Վարդանյանն ասում է, որ դասագրքում մեթոդական առումով ներդրել է այն, ինչ տարիներ շարունակ փորձարկել է իր մանկավարժական պրակտիկայում, այսինքն` չկա մեթոդ, որը ստեղծվել է ենթադրության հիման վրա։ Նա հավելեց նաև, որ նոր դասագիրք ստեղծելու պատճառը ոչ թե եղել է այն, որ նախկին դասագրքերը վատն են, այլ ուղղակի յուրաքանչյուր ժամանակահատված պետք է իր կարիքներից բխող դասագիրքն ունենա։
Նշենք, որ գրքերը հրատարակելու գաղափարն «Անտարես» և «Զանգակ» հրատարակչություններինն է, դրանք կազմել են տարբեր մասնագետներ։


