երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանում կարող է սեպտեմբերի 11-ից հետո կարանտին հայտարարվել

Հայաստանում կարող է սեպտեմբերի 11-ից հետո կարանտին հայտարարվել

Այսօր Ազգային ժողովում արտակարգ դրությունը չեղարկելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարության ներկայացուցչին ուղիղ հարց տվեց․

«Սեպտեմբերի 12-ին Հայաստանի կառավարության կողմից հայտարարվելո՞ւ է կարանտին․ եթե այո, կարո՞ղ է դա լինել այնպիսի վատ ուղերձ, որն ավելի վատն է, քան արտակարգ դրությունը և որի պատճառով ՀՀ սահմանները շարունակեն մնալ փակ ՀՀ քաղաքացիների ելքի համար»։

Ի պատասխան, հարցը ներկայացնող արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգոյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որի միջոցով առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավոր է պայքարել համավարակի դեմ։

«Եթե օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա այո, կառավարությունը և պայքարը համավարակի դեմ շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ», -հայտարարեց փոխնախարարը։

Անդրադառնալով պատգամավորի մյուս դիտարկմանը, թե հնարավո՞ր է ներմուծվող նոր կարգն ավելի վատը լինի, քան արտակարգ դրությունն էր, փոխնախարարը պատասխանեց, որ այս նախաձեռնությունը նախատեսում է իրավունքների սահմանափակումների, միջոցառումների կիրառման այնպիսի այնպիսի սահմանափակ հնարավորություններ, որոնք երբեք հնարավոր չէ շփոթել արտակարգ դրության հետ։

«Կարանտին բառը չպետք է համեմատել արտակարգ դրության հետ, դրանք նույն ռեժիմը չեն։ Ինչքան էլ կարանտին լինի, արտակարգ դրությունը այնպիսի ռեժիմ է, որ առավելագույնս կարող է մարդու իրավունքների սահմանափակումների հետ գործ ունենալ», -հավելեց փոխնախարարը։

Հիշեցնենք՝ օրենսդրական այս փաթեթով կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության ավարտին՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան չեղարկել արտակարգ դրությունը և հայտարարել կարանտին՝ համաճարակի դեմ պայքարելու համար։

  • Կիսվել: