Հայաստանում «կառավարելի դեմոկրատիայի ռեժիմ» էր, այժմ հաստատվել է «անձնական իշխանության» ռեժիմ․ Անդրանիկ Միհրանյան
Նախկինում Հայաստանում «կառավարելի դեմոկրատիայի ռեժիմ» էր՝ փափուկ ավտորիտար ռեժիմ, այժմ հաստատվել է «անձնական իշխանության» ռեժիմ։ Այսօր այս մասին «Լազարեւյան ակումբի» երրորդ նիստի ժամանակ հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում հեղափոխություն չի եղել, հեղափոխությունից հետո փոխվում են սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքական իշխանության բնույթը, մինչդեռ նման բաներ Հայաստանում տեղի չեն ունեցել․
«Դա այն իրավիճակն է, երբ չեն աշխատում ինստիտուտները, այլ աշխատում է մի մարդ։ Առայժմ նախադրյալներ չեմ տեսնում, որ իրավիճակը կփոխվի։ Իշխանության գալով՝ «մարգինալ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորության մասին, ինչն, իր գնահատմամբ, փաստում է մի բան՝ երբ մարդը գալիս է իշխանության, կարող է պարզել իր համար պետության կառավարման ողջ պատասխանատվությունը»:
Միհրանյանի կարծիքով՝ Ռուսաստանում շատերը մինչեւ այժմ սպասողական վիճակում են՝ հասկանալու համար, թե ինչ է լինելու հետո։