ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում դրական են գնահատում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու Արցախի իշխանությունների որոշումը

Հայաստանում դրական են գնահատում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու Արցախի իշխանությունների որոշումը

Արցախը, որպես անկախ պետություն, արտահայտեց իր կարծիքը, եւ ես տրամաբանական եմ համարում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու որոշումը: Այս մասին մարտի 25-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Այս պարագայում, կարծում եմ, նման որոշումը կարելի է համարել ընդունելի եւ նպատակահարմար Արցախի եւ արցախցիների համար: Որեւէ շահարկումից խուսափելու համար ընդգծեմ, որ ռուսաց լեզուն ստանում է պաշտոնական կարգավիճակ: Արցախում միակ պետական լեզուն հայերենն է»,- հավելեց պատգամավորը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանն իր հերթին հիշեցրեց, որ ռուսաց լեզուն օտար չէ արցախցիներին, այնտեղի բնակչությունը միշտ խոսել է ռուսերեն:

Այս որոշման կարեւորությունը, ինչպես հավելեց փորձագետը, կապված է նոր քաղաքական իրողությունների եւ տեղական բնակիչների ու խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների միջեւ հաղորդակցության ավելի մեծ հնարավորությունների ստեղծման հետ:

«Սա, ակնհայտորեն, դուր չի գա թշնամիներին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին: Չի բացառվում, որ մոտ ապագայում այս առումով կարող են սուր գրոհներ լինել»,- ասաց Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մարտի 25-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ռուսաց լեզուն Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել ։

Նա ընդգծեց, որ խոսքը ռուսերենին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին է, իսկ Արցախի միակ պետական լեզուն շարունակում է մնալ հայերենը:

  • Կիսվել: