հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման համար. Մհեր Գրիգորյան

Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման համար. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան,

Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ ներկա գտնվելու հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Կանադան առաջին պետություններից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից ի վեր մեր երկրների միջև հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և բարեկամության մթնոլորտում:

Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստան-Կանադա հարաբերություններում գրանցվել է նոր դինամիկա. տարբեր մակարդակներով ակտիվ երկխոսություն է տեղի ունենում:

Հատուկ ցանկանում եմ ընդգծել և ողջունել Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը: Այս հանգամանքը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար:

Բարձր ենք գնահատում Կանադայի կառավարության պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, ինչը կարևոր է մեր երկրի առջև ծառացած առկա մարտահրավերներին դիմակայելու համար։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև նշել երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում իր զգալի ներդրումն ունեցած Կանադայի հայ համայնքի դերը և շնորհակալություն հայտնել Կանադայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:

Հարգելի ներկաներ,

Վստահ եմ, որ հայ-կանադական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ: Լիահույս եմ, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք նորանոր ձեռքբերումների, որոնք կնպաստեն Հայաստանի և Կանադայի միջև բարեկամական կապերի առավել խորացմանը։

Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում հաջողություններ մեր նախաձեռնություններում՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»:

 

  • Կիսվել: