երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են։ Մեր հարաբերությունները բավականին լայն ընդգրկում ունեն։ Այս մասին Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք  չկա,  որ Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում ակտիվորեն համագործակցում է և՛ Հայաստանի  և՛ Ադրբեջանի հետ՝ ԳՆ նախարարը պատասխանել է, որ հայ-ռուսական փոխգործակցության հարցերի ողջ համալիրը   բավականին լայն է, որը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, ներառյալ անվտանգության հարցերում փոխգործակցությունը։

«Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխգործակցություն է։ Այնպես որ, այստեղ որեւէ հարց կամ սահմանափակում չի կարող լինել»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում  փոխգործակցությունը հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա եւ իրականացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա համաձայնագրերի, պայմանավորվածությունների եւ աշխատանքի պլանների հիման վրա։

«Ռուսաստանը չի խախտում հավասարակշռությունը տարածաշրջանում։ Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է։ Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- շեշտել է ԱԳ նախարարը։

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական փոխգործակցությանը Զոհրաբ Մնացականյանն ասել է․ 

«Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ունի փոխգործակցության իր տրամաբանությունը, Այն կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, եւ այդ ոլորտում համագործակցությանը, նշեմ, որ Ադրբեջանն ամեն կերպ մեծացնում է իր ռազմական ներուժը՝ փորձելով համոզել սեփական բնակչությանը եւ միջազգային հանրությանը, որ ունի ներուժ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար: Եվ դա արվում էր այն ձևով, որ Ադրբեջանը «զիջում» է անում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ՝ չսկսելով ռազմական գործողությունները ՝ փոխարենը ակնկալելով բանակցային գործընթացում հայկական կողմերի «միակողմանի զիջումներ»։ Իր ռազմական ներուժի ավելացման ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար»։

  • Կիսվել: