շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի

Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի

Կառավարությունն իր այսօրվա նիստում լրացում կատարեց Իրանում ՀՀ հյուպատոսական հիմնարկ ստեղծելու մասին որոշման մեջ: Այս նախագծով առաջարկվում է Իրանում ստեղծել Հայաստանի հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն, որի նստավայրը կլինի Թավրիզում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2022-ին Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

 

2022թ. հոկտեմբերից Կապան քաղաքում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը:

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը:

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին։

  • Կիսվել: