շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած. Սուրեն Սարգսյան

Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած. Սուրեն Սարգսյան

Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ,  Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։

«1. Արցախը հանձնված է Ադրբեջանին,
2. Ցեղասպանության միջազգային ճանաչումը դե ֆակտո հանված է մեր արտաքին քաղաքական օրակարգից,
3. Առաջիկայում կբավարարվի ամենաթարմ նախապայմանը՝ միջանցքի բացումը»,-նշել է նա։

Սարգսյանը հիշեցրել է՝ 1992թ. Թուրքիան Հայաստանի առջև նախապայան է դրել Անկախության հռչակագրից հանել հետևյալ պարբերությունը. «11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Ըստ նրա՝ նախապայման է եղել նաև Հայաստանի զինանշանից Արարատ լեռան պատկերի հեռացումը, քանի որ այն դիտարկվել է որպես տարածքային պահանջ ուղղված Թուրքիային:

«Նոր սահմանադրության մշակման ժամանակ (տես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը) կարող է այս հարցին լուծում տրվել՝ ասենք չորրորդ հանրապետության հիմնադրման ձևով, նոր հռչակագիր ընդունելով և այլն:

Հիմա, ամենայն հավանականությամբ, Հայաստանն ու Թուրքիան կստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ փաստաթղթեր, կֆիքսեն, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու անքակտելիությունը և Ցեղասպանության վերաբերյալ մի լղոզված ձևակերպում կտան՝ Էրդողանական «համատեղ ողբերգություն» ոճով:

Գալիք բանակցություններում Թուրքիան զրո կաշկանդվածություն է ունենալու հայկական կողմից, սակայն մի փոքր կաշկանդվածություն կունենա միջնորդ պետություններից: Այս պահին դրանք երկուսն են՝ ԱՄՆ-ն (տես Bloomberg-ի արտահոսքը) և Ռուսաստանը (տես ՀՀ իշխանությունների դիմումը միջնորդության համար)», - ընդգծել է Սարգսյանը։

  • Կիսվել: