Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես. Փաշինյանը շարունակում է պատասխանել քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցադրումներին․
«Սիրելի քաղաքացիներ, ըստ ամենայնի facebook-ում որոշ տեխնիկական խնդիրներ կան: Օգտատերերից մեկի հարցադրմանը խոստացել էի պատասխանել, բայց այդ մեկնաբանությունը այլեւս չի երեւում իմ էջում: Ուստի մեկնաբանությունը տեղադրում եմ այստեղ որպես առանձին գրառում:
Նախ անդրադառնամ այն դիտարկմանը, որ իմ այս ակտիվությունը կապված է ընտրությունների հետ: Վստահ եմ, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես: Ըստ էության ամեն տարի: Եկեք վերադառնանք եւ տեսնենք, թե այդ այցերն ինչ մեկնաբանություններով են ուղեկցվել: Շատերը դա կապել են արտահերթ ընտրությունների հնարավորության հետ: Այս առումով ոչ մի նոր բան չկա: Չնայած, իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն: Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում:
Սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը երբեք չի նվազել: Նախորդ տարի մի քանի ժամ ուղիղ եթերում պատասխանում էի քաղաքացիների հարցերին, հարյուրավոր գրառումներ, տեսանյութեր եմ հրապարակել: Գրեթե երկու ամիսը մեկ ասուլիս եմ տալիս, ելույթներ ունենում: Ինչու՞, որովհետեւ մարդկանց հետ խոսելն իմ պարտքն է, մարդիկ իմ գործատուն են եւ ես պետք է կիսվեմ նրանց հետ, պատասխանեմ նրանց հուզող հարցերին: Սա է ժողովրդավարության էությունը: Իսկ ինչու՞ եմ հիմա որոշել արձագանքել սոցիալական ցանցի որոշ օգտատերերի: Անկեղծ կասեմ, որովհետեւ տեսնում եմ, որ իմ եւ իմ ընտանիքի, մեր վարած քաղաքականության մասին շատ բաներ են գրվում սոցիալական ցանցերում, բայց ոչ ոք ինձ այդ գրածները մեկնաբանելու հարցով չի դիմում:
Ու ստացվում է, որ այդ բաները անարձագանք եմ թողնում, ասել է, թե ասելու բան չունեմ, ասել է, թե գրածները ճշմարիտ են: Չնայած հիմա հասկացա, որ բաներ կան, որից տեղյակ չեմ նույնիսկ: Հենց նույն Արփիի 8 հազար դրամի պատմությունը: Ու՞մ մտքով կանցներ, թե այդ փակ տողի տակ մարդիկ ինչ կարող են մտածել»։