շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի կառավարությունը մեզ վստահեցրել է, որ Արեւմուտքի հետ մերձեցումը մեր դեմ ուղղված չէ. ՀՀ–ում Իրանի դեսպան

Հայաստանի կառավարությունը մեզ վստահեցրել է, որ Արեւմուտքի հետ մերձեցումը մեր դեմ ուղղված չէ. ՀՀ–ում Իրանի դեսպան

Իրանը կողջունի ցանկացած գործողություն տարածաշրջանում, որը կնպաստի լարվածության նվազեցմանը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային այցին։

«Իսկ ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճին, և տարածաշրջանային հարաբերություններում խնդիրներ առաջացնել, մեզ համար անընդունելի է։ Թույլ տվեք յուրաքանչյուր ձեռնարկված քայլ մենք իր արդյունքներով գնահատենք։ Եթե այդ քայլը կհանգեցնի խաղաղության հաստատմանը և հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, բնականաբար, կողջունենք այն։ Իսկ այն քայլերը, որոնք կարող են լարվածություն առաջացնել, ինչի հետեւանքով Հայաստանի և իր հարևան պետությունների միջեւ հարաբերությունները կթուլանան, ես ձեզանից եմ հարցնում՝ դուք կընդունե՞ք նման գործողությունը»,– ասաց դեսպանը։

Մեր ճշտող հարցին՝ արդյոք, ըստ Թեհրանի, կան այդպիսի արտաքին ուժեր, որոնք փորձում են նման ազդեցություն ունենալ, դեսպանը պատասխանեց. «Պետք է տեսնենք, թե արդյունքներն ինչպիսին կլինեն, այսինքն՝ Իրանի և Հայաստանի, և ընդհանրապես տարածաշրջանում տիրող հարաբերություններն ինչպես կլինեն։ Եթե ՆԱՏՕ-ի քարտուղարը գա ու գնա, 2-3 օր հետո այստեղ մտահոգությունները պատերազմի վերաբերյալ աճեն, դա դրակա՞ն կլինի ձեզ համար»։ 

Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ի հետ մերձեցումը ուղղված չէ տարածաշրջանի որեւէ երկրի դեմ։ Դեսպանի խոսքով՝ Թեհրանը Երեւանից ստացել է նման հավաստիացումներ։

«Այո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և՛ ՆԱՏՕ-ի հետ, և՛ ԵՄ դիտորդների հետ կապված մեզ վստահեցրել է, որ այդ համագործակցությունները Իրանի դեմ չեն։ Կասկած չունենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ուղով է գնալու։ Տեսնենք՝ նրանք (խմբ. Արեւմուտքը) արդյո՞ք այդպես կվարվեն, թե՞ ոչ»,– ասաց դեսպանը։

Դեսպան Մեհդի Սոբհանին նշեց, որ Թեհրանի կարծիքով՝ արտաքին միջամտությունները պատճառ են դառնում տարածաշրջանում վտանգների ավելացմանը։

«Մենք գտնում ենք, որ արտաքին միջամտությունները պատճառ են դառնում տարածաշրջանի վտանգների ավելացմանը։ Եթե տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունները լարվում են, տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, եւ դեպի խաղաղություն գնալու փոխարեն շարժվում ենք պատերազմի ուղղությամբ, բնականաբար, անվտանգային մեր մտահոգությունները ավելանում են»,– նշեց իրանցի դիվանագետը։

Հարցին՝ արդյոք Թեհրանը ունի մտավախություն, որ Արևմուտքի հետ Երևանի մերձեցումը կարող է ռիսկեր բերել տարածաշրջան, և արդյոք Երևանին փոխանցել է իր մտահոգությունները, դեսպանը պատասխանեց. «Արդյունքից է կախված։ Եթե նրանք (խմբ. Արեւմուտքը) միջամտեն տարածաշրջանի երկրների հարաբերություններին, այդ մտահոգությունն առկա է։ Սակայն ևս մեկ անգամ պետք է կրկնեմ՝ ՀՀ կառավարությունը մեզ վստահեցրել է, որ մենք մտահոգ չլինենք, ամեն ինչ լավ է»։

  • Կիսվել: