ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան

Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:

Գրառման մեջ ասվում է. «Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են սահմանազատումը իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը սահմանազատման գործընթացի հիմնական սկզբունքն է լինելու։

Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները։
 
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության համար սա նշանակում է խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ»։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

  • Կիսվել: