Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի ընթանում. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություների վերականգնման նպատակով բանակցություններ չեն ընթանում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ արտգործնախարարի խորհրդական Մարթա Այվազյանը։
«Այս հարցը վերջին ժամանակներում բավական հաճախ են տալիս։ Ես պետք է մեկ անգամ ևս ասեմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի գնում և նախատեսված չէ»,– ասաց նա։
Այվազյանը նաև հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին գերատեսչության առաջնային ուղղություններից։
Ապրիլի 17-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին, ասել էր, որ չի կարող երկկողմ հարաբերությունը կարգավորվել ի հաշիվ մեկ կողմի՝ Հայաստանի:
«Ես չեմ կարողանալու մոռանալ Եղեռնը և այս 100-ից ավելի տարիների մեր ժողովրդի դժվարությունները, դժբախտություններն ու պատմությունը մի կողմ դնել»,– ասել էր Սարգսյանը։
Նրա խոսքով` այդ մասին կարելի կլինի մտածել միայն այն ժամանակ, եթե հակառակ կողմը որևէ քայլ կանի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կամ ներողություն կխնդրի։