երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Հայաստանի դատական համակարգը կաստայացված է. այն հիմնականում նախկին վերնախավերի շահերի պաշտպանն է. Փաշինյան

Հայաստանի դատական համակարգը կաստայացված է. այն հիմնականում նախկին վերնախավերի շահերի պաշտպանն է. Փաշինյան

Այսօր գործող ցանկացած պաշտոնյա, կառավարության անդամ, թե պատգամավոր, համայնքի ղեկավար, թե հիմնարկի տնօրեն, որոնք իրենց աչքի առաջ կունենան կոռուպցիոն գայթակղություններ ու կտրվեն այդ գայթակղությանը, պետք է վստահ լինեն, որ ապօրինի կերպով ձեռք բերված ոչ մի գույք չի մնալու իրենց և իրենց ընտանիքի անդամների տիրապետմանը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավատության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին տարիներին կառավարությունը բավարար ջանքեր է գործադրել դատաիրավական համակարգի, բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման համար, և կարող ենք ակնկալիք ունենալ, որ Հայաստանի զարգացման ընթացքը շեղած հանցագործությունները բացահայտվեն և մեղավորները պատժվեն, արժանի պատիժ ստանան, և որոշ պրոցեսներ, այդ թվում մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները հույս են ներշնչում, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի։

Այս կենսական գործընթացի վիժեցման մեծագույն ռիսկը, ուզում եմ ուղիղ ասել, իմ տպավորությունը, կապված է դատական համակարգի գործունեության հետ։ Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։ Սրա պատճառը ոչ միայն այն է, որ դատական համակարգում լայնորեն գործում են նախկին վերնախավերի ընտանեկան կապերը, այստեղ մենք ունենք նաև ինստիտուցիոնալ խնդիր. Հայաստանի դատական համակարգը կաստայացված է և չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի և կրողի, ժողովրդի հետ։ Հայաստանում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, բայց գործում են դատական իշխանության գեներացման համակարգեր, որոնք ժողովրդից այնքան են հեռացված, որ ըստ իս, նրա հետ ոչ մի կապ չունեն։

Հարցեր է հարուցում մասնավորապես դատավորների կողմից բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում, իսկ ումի՞ց է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը։ Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից և այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, առնվազն հարցեր է առաջացնում։

Այս տարօրինակ կառուցակարգը, որի մասին խոսեցի, մինչև օրս գործում է մի պարզ պատճառով, այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո և դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մի ճանապարհ կա՝ նոր սահմանադրության ընդունումը, որով անհրաժեշտ է լուծել նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։

Այս փոփոխությունների արդյունքում կոռումպացված շրջանակների արդարությունից ու արդարադատությունից խուսափելու հնարավորությունները էականորեն կկրճատվեն, եթե չասենք, գրեթե կբացառվեն։ Սա է պատճառը, որ այդ նույն շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում նոր սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես օտարերկրյա, ավելի ճիշտ, ադրբեջանական օրակարգ ներկայացնելու համար»,– հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: