«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Արմեն Չարչյանի կալանավորումը. հայտարարություն
՛՛Հայաստան՛՛ դաշինքը հանդես է եկել Արմեն Չարչյանի կալանավորումը դատապարտող հայտարարությամբ:
՛՛Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ «Հայաստան» դաշինքը իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է փաստացի ընտրություններից ամիջապես հետո ձեւավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։
Իրենց այս և անցած օրերին գրանցված այլ քայլերով իշխանությունները շատ ուղիղ ցույց տվեցին, որ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, իսկ իրականում՝ պետությունը քայքայելու գործելաոճին։ «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է անվանի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը եւ անելու է առավելագույնը՝ արդարությունը վերականգնելու համար՛՛,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Չարչյանը կալանավորվեց մեկ ամսով:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին մամուլում տարածվեց մի ձայնագրություն, որտեղ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։