ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական կարգավորումը անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից. Չինաստանի ներկայացուցիչ

Հայ-ադրբեջանական կարգավորումը անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից. Չինաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը հայտարարեց, որ  Չինաստանը անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում զինված հակամարտության վերջին սրացմամբ: Նա նշեց, որ Չինաստանը կոչ է անում կողմերին խնդիրները լուծել քաղաքական երկխոսության միջոցով:

Շուանգը շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք կողմերին հորդորում ենք հավատարիմ մնալ ձեռք բերված հրադադարին և համատեղ ջանքեր գործադրել իրավիճակի մեղմացման համար: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:

Մենք աջակցում ենք հակամարտության՝ երկխոսության միջոցով կարգավորմանը։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն միջազգային իրավունքի նորմերին, սահմանված ընդունելի նորմերին համապատասխան հակամարտության լուծում։ Չինաստանը ողջում է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև 2020 թ-ի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագիրը և կշարունակի ողջունել դրական առաջընթացը ԼՂ-ի շուրջ ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 15-ին հրատապ նիստ է հրավիրել Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի կապակցությամբ:

 

  • Կիսվել: