Հարցը շուտով լուծում կստանա․ նախարարը՝ Իրանից բեռնափոխադրումների գործընթացը ադրբեջանցիների կողմից խոչընդոտելու մասին
Կառավարությունը զբաղվում է այդ հարցով, և կարծում եմ՝ հարցը շուտով լուծում կստանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Իրանից բեռնափոխադրումների գործընթացը ադրբեջանիցների կողմից խոչընդոտելուն։
Հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում՝ ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ, նախարարն ասաց, որ իրավիճակը շատ է մտահոգում։
«Կառավարությունը և իր պաշտոնյաները, էն մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ հարցի լուծման համար, ամբողջությամբ ընդգրկված են հարցի լուծման մեջ։ Եվ անտրամաբանական է, որպեսզի մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որի համար գոյություն ունեն պրոֆեսիոնալ պատասխանատուներ»,- ասաց նա։
Քերոբյանը նշեց, որ ՀՀ սահմանն սկսվում է Մեղրիից, և իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված պրոբլեմ չունեն։ «Ունեն պրոբլեմ Երևան հասանելու հետ կապված։ Այդ խնդիրն այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով։ Իհարկե, այդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների անցման համար, բայց միևնույն է՝ այդ ճանապարհն այսօր աշխատում է, և այդ ճանապարհով բեռներն անցում են։ Էլի եմ կրկնում՝ մենք շատ մտահոգված ու անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի օր առաջ, րոպե առաջ այդ ճանապարհը բացվի։ Ինչքանով ես եմ տեղյակ, հենց հիմա ինտենսիվ բանակցություններ են գնում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների կամ լիազորված անձանց միջև, որպեսզի այդ ճանապարհը շուտափույթ բացվի», հավելեց նա։


