շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԱՊԿ-ի հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, Երևանը մերժել է. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, Երևանը մերժել է. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման դեպքում ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատի եւ պարտավորությունների չկատարման վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը:

ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ 2022 թվականի սեպտեմբերին Երևանի խնդրանքով օպերատիվ կերպով ձևավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և Միացյալ շտաբի գնահատման առաքելությունը։ Արդյունքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Հայաստանում դիտորդական առաքելություն ծավալել ։

՛՛Մեր եւ կազմակերպության մյուս անդամների մեղքը չէ, որ այդ հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաեւ Հանրապետությանը ռազմատեխնիկական օգնության տրամադրում եւ մի շարք այլ միջոցառումներ, մտացածին պատրվակներով մերժվեց նրա իշխանությունների կողմից՛՛,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Գերատեսչությունում հայտարարել են, որ դրա փոխարեն Երեւանը ցուցադրաբար նախընտրել է կեղծ դիտորդներ հրավիրել Եվրամիությունից։ Ընդ որում, ՛՛բոլորին հայտնի փաստերը կասկած չեն թողնում նրանց աշխատանքի զրոյական արդյունավետության առումով՛՛, հավելել են նախարարությունում:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան նախկինի պես ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով:

Ընդ որում, այնտեղ ափսոսանքով են արձանագրել կազմակերպության միջոցառումներին Երեւանի մասնակցության դինամիկայի նվազումը, ՛՛ինչն ակնհայտորեն չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից եւ երկրի անվտանգության ապահովման խնդիրներից՛՛: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: