Հանրությունը չի տեսնում այլընտրանք այսօրվա նիկոլական իշխանությանը. Մենք ստեղծելու ենք այդ քաղաքական կառույցը. Բազեյան
Մենք այս տարի համախմբելու ենք մեր առողջ ազգային քաղաքական ուժերին, ոտքի ենք հանելու մեր ժողովրդին և հեռացնելու ենք այս ապազգային իշխանությանը, մի իշխանություն, որը չունի ազգային արժեքներ, որը պայքարում է մեր ազգային արժեքների դեմ։ Այս մասին, այսօր՝ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը:
Անդրադառնալով նրան, որ ինքը, Արշակ Կարապետյանը և Միքայել Սրբազանը նոր քաղաքական շարժում են ուզում ստեղծել, Բազեյանն ասաց. «Մասիսի շրջանում գործող «Հայրենիքի նվիրյալ պահապաններ» երիտասարդական կազմակերպության տղաները ժամանակից շուտ մի քիչ շտապել էին, դրել էին ֆեյսբուք, որ նման շարժում է ձևավորվում: Բայց քանի որ արդեն դրված էր նման հայտարարություն, մենք միացանք այդ հայտարարությանը, նաև Արշակ Կարապետյանի կողմից ղեկավարվող «Ազգային ճակատ» կուսակցությունը միացավ այդ հայտարարությանը: Մենք հանդիպել ենք Աջապահյանին Գյումրիում համագործակցության առաջարկով: Բնականաբար, մենք հարգում ենք մեր առաքելական եկեղեցու ավանդույթներն ու սովորույթները, ես անձամբ հավատացյալ չեմ, բայց կրկնում եմ, ես կարևորում է մեր եկեղեցու դերը ազգապահպանության գործում, հատկապես Սփյուռքում։ Ընդամենը հայտարարվել է «Համահայկական միասնության խորհրդի» ձևավորման մեկնարկի մասին, իսկ իրականում այդ խորհուրդը կձևավորվի որոշ ժամանակ անց լայնածավալ համաժողովում, որտեղ կմասնակցեն մի շարք ազգային առողջ ընդդիմադիր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ գործիչներ, մարդիկ, որոնք, եթե աշխատել են պետական կառավարման համակարգում, ազնիվ են աշխատել, չեն գողացել, չեն թալանել:
Այդպիսի մի կառույց է ձևավորվելու, քաղաքական կառույց, որպես այլընտրանք գործող ապազգային իշխանությանը, որովհետև հանրությունը չի տեսնում այլընտրանք այսօրվա նիկոլական իշխանությանը»,- հայտարարեց Բազեյանը: