Համոզված եմ՝ վարչապետի թեկնածու դառնալը Բագրատ Սրբազանի լավագույն երազների ոլորտից չէր. Արշակ Սրբազան
Այն դիրքորոշումները, այն մոտեցումները, որոնք ունեցել է Բագրատ Սրբազանը, դրանք արտացոլված են եղել նաև Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Ինչ-որ մի պահից սկսած Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի գործընթացների մեջ, որը ենթադրում էր քաղաքական գործիքակազմերի օգտագործում: Եկեղեցին, ինստիտուցիոնալ առումով, քաղաքական գործիքակազմեր չի կիրառում, իշխանության հասնելու որևէ ձգտում, առաջնահերթություն չունի։ Եվ եթե հետևել եք մեր հայտարարություններին, մենք այնտեղ արձանագրել ենք, որ հաշվի առնելով, որ քաղաքական գործունեությունն անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, այդ իսկ պատճառով ընթացք է տրվել Բագրատ Սրբազանի խնդրանքին՝ առժամանակ դադարեցնելու, կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Այսինքն, այդ պահից սկսած Բագրատ Սրբազանը գործել է իր հոգևոր ծառայության կասեցման պայմաններում»,-ասաց նա:
Արշակ Սրբազանը նաև շեշտեց, որ նման պրակտիկա, իրավիճակ չի եղել, երբ հոգևորականը, տարբեր կուսակցությունների միահամուռ ցանկությամբ, առաջադրված լինի վարչապետի թեկնածու. «Ինքս խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ և համոզված եմ, որ վարչապետի թեկնածու դառնալը նրա լավագույն երազների ոլորտից չէր։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ինքը հարկադրված էր ընդունել այդ առաջարկը, քանի որ համախմբումն առաջացել էր իր անձի շուրջը: Այդ իրավիճակում մեր կողմից գտնված միակ լուծումն այն էր, որ պետք է առժամանակ կասեցվեր, սառեցվեր իր հոգեւոր ծառայությունը, որ հնարավորություն ունենար շրունակել: Ընտրությունն իրենն է: Բնականաբար, եթե հոգեւոր ծառայությունը կասեցվում է արժանապես, այս որոշման մեջ արտացոլված է նաեւ Եկեղեցու ամբողջական կեցվածքը»,- ընդգծեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: