երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հակամարտության շրջանակներում՝ ԵԱՀԿ-ն չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները․ ԱԳ նախարար

Հակամարտության շրջանակներում՝ ԵԱՀԿ-ն չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները․ ԱԳ նախարար

Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ: Այս մասին ԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր: Միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները։

Այսպիսով, կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես ՄԱԿ կանոնադրության VIII գլխով սահմանված տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը:

Ակնհայտորեն՝ մեր կազմակերպությունն այսօր չի համապատասխանում Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված պահանջներին: Այն ձախողեց՝ մասնավորապես, գործադիր կառույցների աշխատանքի միջոցով կանխարգելման, վաղ միջոցառումների ձեռնարկման կամ հակամարտություններին արձագանքման հարցերում: Հակամարտությունների հասցեագրման առաքելությունների հաջողումն ավելի հաճախ բացառություն է, քան կանոն, և մենք կանգնած ենք ԵԱՀԿ-ն՝ միայն մեկ հակամարտության կարգավորման մեխանիզմի վերածելու վտանգի առջև:

Մի իրավիճակում, երբ ԵԱՀԿ հանձնառությունների մեծ մասը, մասնավորապես՝ նրանք, որոնք առնչվում են ռազմաքաղաքական հարթությանը, չեն կիրարկվում, մենք պետք է վերագնահատենք գործադիր կառույցների դերը, որոնք ի սկզբանե ձևավորվել էին՝ օժանդակելու մասնակից պետություններին այդ հանձնառությունների իրագործման գործում:

ԵԱՀԿ պարտավորությունների կատարման շուրջ մասնակից պետությունների միջև արժանահավատ երկխոսությունը պետք է լինի մեր առաջին գերակայությունը: Մեր կարծիքով՝ մենք պետք է առաջնորդվենք երկխոսության ոգով, որը գերակշռում էր Հելսինկիում և որը հանգեցրել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի ստեղծմանը:

ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգության միջավայրը պահանջում է համատեղ ջանքեր, հանձնառություն և քաղաքական կամք` պահպանելու ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգը: Հայաստանի նախագահության ծրագիրը բխում է ԵԱՀԿ սկզբունքները և հանձնառությունները պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունից՝ ԵԱՀԿ անվտանգության միջավայրի հետագա քայքայումը կանխարգելելու նպատակով: Հայաստանը հանձնառու է առաջնորդել այդ ջանքերը ֆորումի Նախագահության երկրորդ եռամսյակում՝ «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո»:

  • Կիսվել: