չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հակաիրավական գործընթաց է․ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ՍԴ դատավորի թեկնածուների քվեարկությանը

Հակաիրավական գործընթաց է․ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ՍԴ դատավորի թեկնածուների քվեարկությանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների քվեարկությանը։ Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նա ասաց, որ քվեարկությանը չմասնակցելը բնական է և պետք է անակնկալ չլիներ, քանի որ հակաիրավական գործընթաց է խորհրդարանում իրականացվողը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում ՍԴ դատավորի թափուր պաշտոնների համար առաջադրված երեք թեկնածությունների հարցն է քննարկվում։ ՍԴ դատավորի երեք թեկնածուներն են՝ Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը։

Աժ պատգամավորի խոսքով, որքան էլ մեծ ցանկություն ունենա քվեարկելու իր դասախոսի և մյուս թեկնածուների օգտին, դրա հնարավորությունը չունի, որովհետև ինչպես ճշմարտությունն է ավելի կարևոր, այնպես էլ Սահմանադրությունն է ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք, քան մնացած արժեքները իրավական բնագավառում:

«Բարձրացնեմ ուրիշ հարց. հանրության մեջ ընկալում կա, որ իշխանության այսօրվա թիմը ոչ այդքան արհեստավարժ է, կառավարման կամ այլ բնագավառներում պրոֆեսիոնալ չէ, ես ուզում եմ ասել, որ չէ, իշխանության այսօրվա թիմը շատ պրոֆեսիոնալ է, հատկապես չեղած տեղը խնդիրներ առաջացնելու և այդ խնդիրները հաղթահարելու բնագավառում, կամ եղած խնդիրներն այնպես բարդացնելու, որ այլևս որևէ հնարավոր տարբերակ չլինի լուծում գտնելու ուղղությամբ»,- նշեց նա:

Իրավաբան պատգամավորը նկատեց, որ դատական համակարգում ծով խնդիրներ են առաջացել և չկա մի դատական ատյան, որն այդ խնդիրները չլինեն և դրանք լուծելու փոխարեն, մի բան էլ բարդացվում է իրավիճակը։
«Դուք ամեն ինչ փչացնելու սովորություն ունեք, փչացրիք նաև սա և ՍԴ դատավորների թեկնածուների ընտրությունը դրեցիք հակաիրավական գործընթացի հունի մեջ, ինչը բնականաբար, փչացնում է ամբողջ գործընթացը: ԼՀԿ-ն չի մասնակցի քվեակությանը, ինքներդ գիտեք՝ մենք ՍԴ-ում վիճարկում ենք սահմանադրական այն փոփոխությունների ընդունման գործընթացը, որի հետևանքն այսօր այս քվեարկությունն է», - հայտարարեց պատգամավորը:

  • Կիսվել: