երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան

ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան

Ընտրությունները ոչ թե նախագահական են, այլ խորհրդարանական, հետևաբար առաջին դեմքերի մասնակցությունը պարտադիր չէ, կուսակցություններին պետք է հնարավորություն տրվի  մասնակցել բանավեճի՝ իր ընտրած ներկայացուցչի միջոցով: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակված նախընտրական բանավեճին իրենց ցուցակի անդամներից մեկի մասնակցությունը մերժելու հարցով, կուսակցությունը հարցեր ուներ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին: 

ՀԱԿ-ը որոշել էր, որ այդ բանավեճում կուսակցությանը պետք է ներկայացնի Լևոն Զուրաբյանը: «Պատրվակով, որ միայն ցուցակների առաջին դեմքերը կարող են մասնակցել բանավեճին, մեզ մերժեցին»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց անընդունելի մոտեցում, որը խախտում է ընտրական իրավունքները:

ՀԱԿ-ն անմիջապես դիմել է դատարան: Նրա խոսքով՝ դատարանը սկզբում մերժել է հայցը՝ «ձևական շարժառիթներով», թե լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն: «Հետո, երբ ճիշտ ձևակերպեցինք, հիմա շատ աբսուրդ որոշում են կայացրել, որոշել են, որ այն հայցը, որով մենք ներկայանում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց ակնհայտ կամայականություն՝ հավելելով, թե դա կատարվում է իշխանությունների հրահանգով:

Սկզբում նա ներկայացրեց այն հարցը, որը ՀԱԿ-ը բանավեճին պետք է ուղղեր Փաշինյանին. «Իմանալով, որ պետք է վերադարձվեր ընդամենը 5 շրջանը, լիներ արժանապատիվ հարատև խաղաղություն՝ նպաստավոր պայմաններով Հայաստանի և Արցախի համար, իմանալով մեր բանակի իրական վիճակը, ունենալով ԳՇ զեկույցները՝ բանակի վիճակի մասին և  պահանջը՝ հարցը լուծել հնարավորինս դիվանագիտական տարբերակով, ինչո՞ւ նա չգնաց արժանապատիվ խաղաղության պլանի ընդունմանը և հայ ժողովրդին տարավ միակողմանի սպանդ հանդիսացող պատերազմի՝ Ադրբեջանի հետ»:

Ռոբերտ Քոչարյանի համար ՀԱԿ-ի հարցերը պետք է լինեին հետևյալը. «Ինչո՞ւ նա վիժեցրեց 1997-1998 թթ Ադրբեջանի կապիտուլյացիոն ակտը, Ադրբեջանը համաձայնել էր կապիտուլյացիա ստորագրել, իսկ հետո փոխարենը ոչ մի բան չբերեց՝ որպես խաղաղության պլան, որպես Հայաստանի և Արցախի համար ելք: Եվ իր իշխանավարության միակ արդյունքը այն եղավ, որ Արցախին դուրս շպրտեց բանակցությունների սեղանից: Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ նա չպատրաստվեց պատերազմի: Իրականում 1994 թվականից սկսած ոչ մի բան չի ավելացել՝ ռազմաճակատի ամրացված գծերին: Եվ երրորդը՝ ինչո՞ւ նա չի ցանկանում կրել պատասխանատվություն, որ հենց ինքն է ստեղծել Հայաստանում համակարգային կոռուպցիա, որի շնորհիվ կարողացավ մեր ժողովրդից թալանել միլիարդներ….Քոչարյանը ոչնչացրեց Հայաստանի տնտեսությունը՝ նրա արտահանման միակ հնարավոր պրոգրեսիվ մոդելը»:

  • Կիսվել: