չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գործող Սահմանադրությունը կարող է հանգեցնել ծանր իրավիճակների. Արմեն Սարգսյան

Գործող Սահմանադրությունը կարող է հանգեցնել ծանր իրավիճակների. Արմեն Սարգսյան

 Հայաստանը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի փոխելու որոշումը ճիշտ չէր: Այս մասին ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Ըստ նրա՝ արդյունքում ստացվեց, որ հանրապետությունն ավելի շատ վարչապետական դարձավ: <<Գործող Սահմանադրությունը շատ թերություններ ունի, և ինքս դրա փոփոխության կողմնակից եմ, որ այն հավասարակշռված լինի: Հակառակ դեպքում ապագայում այս ամենը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

Հասարակ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչ է խորհրդարանական հանրապետությունը: Եկեք դուրս գանք փողոց և ցանկացած պատահած մարդու հարցնենք, թե ինչու նախագահը չի կարողանում լավ մարդու նշանակել նախարար կամ ինչ-որ մեկին ազատել աշխատանքից: Հասարակ քաղաքացին ձեզ չի պատասխանի>>։

Նախագահի կարծիքով՝ խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք ունեն փորձ, Արևմուտքում կամ Արևելքում կրթություն են ստացել, այսօր չեն կարող գալ իրենց տուն և ծառայել իրենց երկրին, քանի որ մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս․ <<Նախարար դառնալու համար դու պետք է 4 տարի ապրես Հայաստանում, լինես միայն Հայաստանի քաղաքացի: Նախագահ դառնալու համար 10 տարի է հարկավոր: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու: Այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Հայաստանին անհրաժեշտ են մարդիկ, որոնք գիտեն աշխարհը, համաշխարհային միտումները, տիրապետում են ինֆորմացիայի, պրոֆեսիոնալ են>>։

Նախագահ Սարգսյանը նշեց, որ օրինակ՝ Նուբար Աֆեյանը, որը Բոստոնում ստեղծել է «Moderna» պատվաստանյութը, չի կարող դառնալ Հայաստանի գիտության նախարար: Դրա համար նա պետք է հրաժարվի իր ամերիկյան կամ կանադական անձնագրից, գա այստեղ և ապրի 4 տարի: Սակայն, եթե նա 4 տարի ապրեր Հայաստանում, ինչպե՞ս պետք է ստեղծեր «Moderna»-ն։

<<Դրա համար սահմանադրական փոփոխությունները շատ կարևոր նպատակ եմ համարում: Պետք է բացել ճանապարհները, կոտրել Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերի միջև եղած բեռլինյան պատերը...

Այո, Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա աշխարհի բոլոր երկրների հետ: Ցանկալի կլիներ, որ լուծվեին Ադրբեջանի հետ խնդիրները, չնայած դա դժվար է: Վատ չէր լինի լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ինչն ավելի բարդ է>>-ասաց նախագահը և հավելեց, որ սակայն բոլոր երկրների շարքում կա մեկը, որի հետ հարաբերությունները քննարկելն անիմաստ է. դա Ռուսաստանն է, քանի որ չի կարելի քննարկել այն, ինչ ապրիորի է: Մաթեմատիկայում կան թեորեմներ, սակայն կան նաև աքսիոմաներ:

Հայաստանի հարաբերությունները ինչ-որ երրորդ երկրի հետ թեորեմ է, իսկ Ռուսաստանի հետ՝ աքսիոմա: Մենք մի քանի հարյուր տարի ապրել ենք Օսմանյան, իսկ հետո՝ Ռուսական կայսրություններում: Արդյունքում՝ հայկական հանրապետությունը, որը կար Ռուսական կայսրությունում, այսօր անկախ Հայաստանն է: Իսկ որտե՞ղ է Արևմտյան Հայաստանը, որը Օսմանյան կայսրությունում էր: Ո՞ւր են այն հայերը, որոնք ապրել են այնտեղ: Այսօր Ռուսաստանում նույնքան հայեր կան, որքան Հայաստանում: Իսկ Թուրքիայում նրանք ավելի շատ էին...

<< Կարևորն այն է, որ ես նույնիսկ չեմ ցանկանում քննարկել մեր երկրների բարեկամության ամրությունը: Ինձ համար դա աքսիոմա է>>-եզրափակեց նախագահը։

  • Կիսվել: