Գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները․ Սաղաթելյան
Այս ընտրությունները տարբերվում են նախորդ բոլոր ՏԻՄ ընտրություններից, քանի որ դրանք տեղի են ունենում կուսակցական համամասնական ցուցակներով: Այս մասին այսօր իր հայրենիք Գեղավան գյուղում քվեարկությունից հետո նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Ես չգիտեմ՝ պետությունն ու հասարակությունը ինչքանով էր պատրաստ համայնքների արագ խոշորացմանը եւ քաղաքական ընտրություններին, բայց սա արդեն իրականությունը: ՀՅԴ-ն 36 համայնքներից 19-ում մասնակցում է ՏԻՄ ընտրություններին եւ ընդդիմադիր դաշտից ամենամեծ հայտ ներկայացրած ուժն է»,-ասաց նա:
Նրա հայտարարեց, որ գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները. «Դրան հասնելու համար որեւէ ապօրինությունից զերծ չեն մնում: Այդ ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը եւս փորձ էր ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա: Ակնհայտ էր, որ իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով, վարչական լծակներով փորձում է ամեն քայլի դիմել, որպեսզի ՏԻՄ-երը եւս նվաճեն, բայց ես կարծում եմ, որ պարտության ու պատերազմի կուսակցությունը, այն ուժը, որ մեր երկրին բերել է միայն չարիք ու աղետ, չի կարող աջակցություն ունենալ մեր ժողովրդի կողմից եւ վստահ եմ, որ այսօր մի շարք համայնքներում դա կդրսեւորվի»,-ասաց Սաղաթելյանը:
Նա նկատեց, որ շատ համայնքներում ընտրությունների ընթացքում շատ ուժեր հանդես են գալիս որպես ընդդիմադիր, բայց ընտրություններից հետո դաշինք են կազմում գործող իշխանության հետ: Այս համատեքստում նա կարեւորեց տարբեր ուժերի հայտարարությունները, թե որեւէ դեպքում ՔՊ-ի հետ հետընտրական դաշինք չեն կազմելու։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մի շարք տեղերում կան ահազանգեր, որ տարբեր պատրվակներով, կեղծ ահազանգերի հիման վրա ավագանու որոշ անդամների, շտաբների անդամների բերման են ենթարկում։


