հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գործարկվում է change.org-ի հայկական տարբերակը․ Կառավարությունում խոստանում են հետևել քաղաքացիների առաջարկներին

Գործարկվում է change.org-ի հայկական տարբերակը․ Կառավարությունում խոստանում են հետևել քաղաքացիների առաջարկներին

Հայաստանում գործարկվում է change.org-ի հայկական տարբերակը, այդ մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա տեղեկացրեց, որ 2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկում 63-րդ տեղում է. նախորդ զեկույցի համաձայն իր դիրքը բարելավելով 19 կետով:

«Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանը ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ուզում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ  ավելի խթանել քաղաքացիների  ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում:

Գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության եւ մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը: e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Սա change.org-ի հայկական տարբերակն է»,-ներկայացրեց Ավինյանը:

Փոխվարչապետը վստահեցրեց, որ հանրագրերի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական մարմինների, պաշտոնատար անձանց թերությունների շտկման մասին հաղորդում:

«Կառավարությունը այս ամենին մեծ ուշադրությամբ հետևելու է և ականջալուր է լինելու»,-վստահեցրեց Ավինյանը:

  • Կիսվել: