կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենան 300մ ընկել է ձորը. հայտնաբերվել է երկու դի

Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենան 300մ ընկել է ձորը. հայտնաբերվել է երկու դի

Սյունիքի մարզում Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան զոհեր. հայտնաբերվել է 2 դի:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վերաբերյալ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 20։44-ին: «Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։ Փրկարարները հայտնաբերել են Կարապետ Յ-ի և Ահարոն Խ-ի դիերը»,- նշում են ԱԻՆ-ից և հավելում, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ քննություն է կատարվում:

«Միջոցներ են ձեռնարկվում մեքենան դուրս բերելու ուղղությամբ: Հայտնաբերվել է 2 դի»,- տեղեկացրին ոստիկանությունից:

Լրատվամիջոցները հայտնում են, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ մահացածները եղել են խաղաղապահ ուժերի զինծառայողներ: Շրջանառվում է նաև տեղեկություն, որ բացի 2 մահացածից, մեքենայում եղել է նաև ևս մեկ անձ. նրա մարմինը գտնել առայժմ չի հաջողվել:

  • Կիսվել: