կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գնում ենք տներով՝ պայմանով, որ վաղը միջոցառումներ ունենք անելու. Մինասյան

Գնում ենք տներով՝ պայմանով, որ վաղը միջոցառումներ ունենք անելու. Մինասյան

Այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ արդեն շուրջ յութուկես ժամ ժողովուրդն այստեղ հավաքված է: ՛՛Մենք վաղն էլ ունենք միջոցառում՛՛,-հայտնեց նա:

Մինասյանն ասաց. ՛՛Անվտանգությունից ելնելով եւ սադրանքները բացառելու հանգամանքից ելնելով՝ ես խնդրում եմ, հիմա մենք թողնում ենք այս տարածքը, գնում ենք տներով, բայց պայմանով, որ վաղը էլի միջոցառումներ ունենք անելու:

Հիմա մենք գնում ենք գրասենյակ, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք եւ հրապարակային հայտարարենք՛՛:

Մինասյանն ասաց նաեւ, որ ինքը խնդրել է ոստիկանությունից, որպեսզի հնչեցնեն այն անձի անունը, ով «դիմշաշկա» էր նետել ոստիկանների ուղղությամբ, որպեսզի պարզ լինի, թե նա որ շրջանակից է:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. ամբողջ մի հատված պատվեց ծխով՝ ամենայն հավանականությամբ ծխաբեր սարքից:

Ակցիայի մասնակիցները սկզբում կարծեցին, թե ոստիկանությունն է հատուկ միջոցներ կիրառում, սակայն ոստիակնները հայտնեցին, որ դա իրենց հետ կապ չունի: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ մի քաղաքացի «դիմշաշկա» է նետել, որին ոստիկանները տեղում ձերբակալել են ու տարել: Նա հավելեց, որ այն նետվել է հենց ոստիկանների ուղղությամբ:

Նշենք նաեւ, որ ակցիայի ավարտին Մինասյանն ասաց. ՛՛Հավաքը եղել է խաղաղ, եղել է պահանջատիրության հավաք, որի հիմքում մեր, ձեր, պետականության արժանապատվությունն է։ Հասկանո՞ւմ եք, եթե մենք այսօր չկատարենք այդ քայլը, վաղն ուշ է լինելու։ Վաղը այդ փաստաթղթով ամրագրված տարածքները հանձնելու դեպքում այլեւս որեւէ հայ չի կարող ոչ միայն վերադառնալ Արցախ, այլեւ անգամ ոտք չի կարող դնել հայրենիք, մոմ վառել այնտեղ՛՛:

 
 

  • Կիսվել: