ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ստացել ենք մի վիճակում, երբ այն շատ նման էր մահամերձ օրգանիզմի. Փաշինյան

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ստացել ենք մի վիճակում, երբ այն շատ նման էր մահամերձ օրգանիզմի. Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Իջևանում հանդիպել է համակիրների հետ:

Նա  անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացը տապալելու մասին՝ իշխանություններին ուղղվող քննադատության թեմային: 

Փաշինյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք Հայաստանը և Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ստացել ենք մի վիճակում, երբ դա շատ նման է մի օրգանիզմի, որը երկար տարիներ կաթիլ-կաթիլ թունավորվել է: Հյուծվել է, թունավորվել է և ի վերջո, հայտնվելով մահամերձ վիճակում, հայտնվել է մեր գրկում: Եվ հիմա մեզ ասում են՝ տեսեք, մենք բերեցինք հասցրեցինք բանակցային գործընթացը, բայց ահա նրանց գրկում տեղի ունեցավ աղետ այդ օրգանիզմի հետ: Իսկ ինչպիսի՞ վիճակում ենք մենք ստացել Ղարաբաղի հարցը:

Ստացել ենք մի վիճակում, երբ Ղարաբաղը դուրս է մղված եղել բանակցային գործընթացից, երբ Հայաստանը Եվրոպայում անվտանգության ՛՛Ստամբուլյան խարտիայով՛՛ ճանաչել է Ղարաբաղյան հարցի կարգավորման այն եղանակը, որը պետք է տեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում: Ստացել ենք մի վիճակում, երբ Մեղրին, Ղազախը, Ղազախի շրջանները, Շուշին առանձնացված Լեռնային Ղարաբաղից և դրված Լաչինի և իրենց ասածով՝ օկուպացված տարածքների շարքում:

Ստացել ենք մի վիճակում, երբ Սերժ Սարգսյանն ինքը հարցազրույց է տալիս՝ խոստովանելով, որ Հայաստանն ասում էր 7 շրջանները վերադարձնում եմ քեզ՝ Ադրբեջան, իսկ Ադրբեջանն ասում էր՝ ոչ: Եվ հիմա էլ մի ձայնագրություն են հրապարակել, որն իբր պետք է դառնար կոմպրոմատ իմ վրա, բայց հանրային արձագանքն ուղիղ հակառակն էր՛՛:

Նրա խոսքով՝ սա նշանակում է երկու բան՝ նրանք, ովքեր իշխանություններին մեղադրում են, թե նրանք լավ չեն հասկացել Ղարաբաղի հարցի էությունը կամ բանակցային գործընթացի բովանդակությունը, իրենք չեն հասկացել այդ ամենը:

՛՛Նրանք հույս ունեին, որ այդ ձայնագրությունը կհրապարակեն և հայ հանրությունը կպայթի: Բայց նրանք այդ ձայնագրությունը հրապարակեցին և հայ հանրության նախատինքը հենց պայթեց իրենց գլխին: Եվ այսօր, այո, մենք բարդ մարտահրավերների առաջ ենք կանգնած և մենք կանգնած ենք մեր պետականությունը, մեր երկիրը նորովի կառուցելու հրամայականի առաջ: Մենք պետք է նորովի կառուցենք մեր անվտանգությունը, մենք պետք է նորովի կառուցենք մեր բանակը, մենք պետք է նորովի կառուցենք մեր ամեն փողոցը, դպրոցը, մանկապարտեզը, մենք պետք է նորովի կառուցենք մեր հանրային հարաբերությունները և սա է ճանապարհն այս ճգնաժամը հաղթահարելու:

Եվ այսօր մենք մեղավոր ենք նաև ինչ-որ տեղ, որովհետև ես հիմա հետահայաց նայելով հասկանում եմ, որ հեղափոխությունն այնուամենայնիվ ուշացավ: Եվ ինչ-որ առումով ինձ մեղավոր եմ զգում, որովհետև շատերն ինձ ասում են, որ ես կարող էի հեղափոխություն կազմակերպել 2008 թվականին, 2013 թվականի նախագահական ընտրություններում շատերն ինձ հորդորում են առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Այդ ժամանակ ես դա չարեցի և հիմա մտածում եմ, որ գուցե իսկապես դա իմ ամենամեծ մեղքն է, որ հեղափոխությունը տեղի ունեցավ 2018, և ոչ թե 2008 կամ 2013 թվականին՛՛,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

  • Կիսվել: