ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ «Դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է». Ալեն Սիմոնյան

Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ «Դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է». Ալեն Սիմոնյան

Ինձ մեկ է, կարևորը, որ Հայաստանի Հանրապետության շահերն առաջ գնան, ինձ միայն դա է հետաքրքիր: Դժգոհ են, թե դժգոհ չեն, լավ, պետք է քննարկենք, բա ինչու՞ եմ գնում այնտեղ: Գնում եմ, որ այդ հարցերը քննարկեմ, բայց եթե ՀՀ-ն պետք է խաղաղություն կառուցի, եթե ՀՀ տղաները չպետք է գնան, մահանան, անկեղծ, ինձ համար մեկ է որևէ այլ երկրի, ինչ-որ ներկայացուցչի էմոցիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե տպավորություն է՝ Մոսկվայում դժգոհ են ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունից:

Հարցին՝ ռազմավարական դաշնակցի վերաբերմունքը մե՞կ է, նա պատասխանել է. «Ռազմավարական դաշնակցի էմոցիաները, վերաբերմունքը քաղաքականության մեջ որևէ նշանակություն չունեն, կա շահ»:

Սիմոնյանը համաձայնել է լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ-ն և ՌԴ-ն տնտեսությամբ շատ կապված են իրար՝ այլ երկրների համեմատ, ասել՝ ոչ ոք չի ժխտում, բայց երբ ՀՀ-ի վրա ճնշում է գնում, դրան դիմադրելն ու ասելը՝ «հոպ», իրենց պարտականությունն է: 

«Ասել՝ կանգնեք, հա, հասկացանք ձեր շահերը, բայց մեզ մի ոչնչացրեք, մենք ենք մեռնում, մեր երեխաներն են մեռնում: Այդ ի՞նչ տրամաբանություն է, մեր ռազմավարական գործընկերն է, ուղարկենք ևս 3,000 հոգի զոհվի՞»,-նշել է նա:

ԱԺ նախագահն ասել է, որ ՌԴ-ի հետ կռվելու նպատակ և հնարավորություն չունեն, չեն ունեցել, բայց նպատակ և անհրաժեշտություն ունեն պաշտպանվելու:

«Գիտեք ինչն է պրոբլեմը, որ ասել ենք՝ մեծ երկիր է, պետք է բան անենք: Դե, 30 տարի արեցինք: Ղարաբաղի կառավարությունը դա արեց: Ինձ այդտեղի ղեկավար ասում էր՝ դուք ՀՀ-ի մասին մտածեք, Ղարաբաղն այսօր ամենաապահով տեղն է, 44-օրյա պատրազմից հետո, ասում էր ձեր մասին մտածեք: Գրում էին՝ «Спасибо, Россия»»,-ասել է Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: