շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ. ԳԴՀ պաշտոնյա

Գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ. ԳԴՀ պաշտոնյա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:
 
Հանդիպման սկզբում Ռաֆայել Գևորգյանը համառոտ ներկայացրել է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրն ու առաջնահերթությունները և տեղեկացրել, որ Կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է գիտելիքահենք, նորարարական տնտեսության զարգացմանը։ Ենս Բրանդենբուրգն իր կողմից նշել է, որ գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ։
 
Այնուհետև զրուցակիցները քննարկել են այն ուղղությունները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման և փորձի փոխանակման տեսանկյունից՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, վերականգնվող էներգետիկա, կանաչ ջրածնի արտադրություն և տեղափոխում, արևային էներգետիկա և այլն։

  • Կիսվել: