Գերիներին Ադրբեջանը պահում է ինչ-որ ակնկալիքով՝ կարող է դա լինել Սյունիքով միջանցք ստանալու, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհի կառուցման հարցը․ Քոչարյան
Հայաստանը պետք է իր հնարավոր բոլոր դիվանագիտական կապերն օգտագործի գերիների վերադարձի հարցով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Այս մասին ապրիլի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է իր աջակիցների հետ հերթական հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ գերիներին Ադրբեջանը պահում է ինչ-որ ակնկալիքով, որ դրա դիմաց ինչ-որ բան են ստանալու․
«Կարող է դա լինել հյուսիսի հետ կապված, Սյունիքով միջանցք ստանալու հարցը կարող է լինի, Ղարաբաղում Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհի կառուցման հարցը կարող է լինել, նաև Ղարաբաղում Պաշտպանության բանակի կարգավիճակի հարցը կարող է լինել»։
Քոչարյանը նաև նշել է, թե պետք է բանակցային ճանապարհով փորձել լուծել Շուշիի ու Հադրութի հարցը․
«Ընդհանրապես, պատերազմում պարտվելը դառը բան է և եթե ուզում ես նման կարգի հարցերի առջև չկանգնես, պետք է չպարտվես, պետք է անել ամեն ինչ նոր պատերազմի մեջ չմտնելու համար, սա է խնդիրը»։