կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել. Փաշինյան

Գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել. Փաշինյան

Մեզնից անսովոր և գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ու պահպանելու համար ու պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, սակայն, ընդգծեց, որ Հայաստանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է:

«Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Այս նպատակի իրագործման, խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ և բալանսավորված քաղաքականություն, և մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար: Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ և բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ ու, որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն, մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի:

Եվ համոզված եմ, մենք դա կանենք և դա է մեր պատմական առաքելությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: