շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Gellup-ի հրապարակած տվյալները օբյեկտիվորեն արտացոլում են Երևանցիների տրամադրությունները և ցույց տալիս, որ մայրաքաղաքի բնակիչները իրենց սպասումները կապում են նոր դեմքերի ու ծրագրերի հետ․ Հայկ Գրիգորյան

Gellup-ի հրապարակած տվյալները օբյեկտիվորեն արտացոլում են Երևանցիների տրամադրությունները և ցույց տալիս, որ մայրաքաղաքի բնակիչները իրենց սպասումները կապում են նոր դեմքերի ու ծրագրերի հետ․ Հայկ Գրիգորյան

 Gellup International-ի վերջերս անցկացրած սոցհարցումների տվյալները օբյեկտիվորեն արտացոլում են երևանցիների տրամադրությունները և ցույց տալիս, որ մայրաքաղաքի բնակիչները իրենց սպասումները կապում են նոր դեմքերի և ծրագրերի հետ։ Նման կարծիք ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը, ով հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում իրենց մասնակցության մասին և որպես քաղաքապետի թեկնածու իր առաջադրման մասին։

Ճիշտ է Գրիգորյանը իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ հարցման մեջ ընդգրկված չէին այն թեկնածուների անունները, որոնք արդեն իսկ հայտարարել էին իրենց առաջադրման մասին, փոխարենը տեղ էին գտել այնպիսի անձիք, որոնք համենայն դեպս մինչ այս պահը մայրաքաղաքային ընտրություններում մասնակցելու ցանկություն չեն հայտնել։ Չնայած դրան, ըստ Գրիգորյանի, հարցման արդյունքները, ընդհանուր առմամբ արտացոլում են Երևանի բնակիչների օբյեկտիվ տրամադրությունները, և մեկ անգամ ևս փաստում այն ճշմարտությունը, որ հասարակությունը հոգնել է թե «հներից», թե «նորերից», և ցանկանում է տեսնել նոր դեմքեր։

«Այս մասին խոսուն վկայում են իշխանության թեկնածու, ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և ընդդիմության թեկնածուների ցածր վարկանիշները։ Տիգրան Ավինյանը, չնայած նրան, որ օրն ի բուն պետական լծակները օգտագործելով, զբաղվում է սեփական PR-ով, «հարմարավետ բազմել է» երրորդ տեղում միայն 3% վարկանիշով, առաջին և երկրորդ տեղերը զիջելով ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, որոնք էլ իրենց հերթին բավականին ցածր ցուցանիշներ ունեն 18% և 6% համապատասխանաբար։

Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության թեկնածուներին, ապա նրանց վարկանիշը էլ ավելի ցածր է՝ ընդդիմության հիմնական թեկնածու համարվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը իր հեղինակությամբ (1,8%) զիջում է նույնիսկ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանին (Դոկ) 2,4%։ Ընդդիմադիր մնացյալ հիմնական թեկնածուները էլ ավելի ցածր վարկանիշ ունեն»,- Gellup-ի հարցումը վերլուծել է Գրիգորյանը։

  • Կիսվել: