կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը մարդու իրավունքների վերաբերյալ Իլհամ Ալիևի տեսլականին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը մարդու իրավունքների վերաբերյալ Իլհամ Ալիևի տեսլականին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսլականին մարդու իրավունքների վերաբերյալ, որն արտացոլված է վերջինիս նախընտրական ծրագրում։

Ներկայացնում ենք Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության տարածած հայտարարությունն ամբողջությամբ։

«Իր նախընտրական ծրագրում Ադրբեջանի գործող նախագահը, ով հանդիսանում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցանքների, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտման գլխավոր ճարտարապետը, նախատեսում է բարեփոխումներ կատարել մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման ոլորտում։ 

Այս ուղղությամբ Ադրբեջանի նախագահի «տեսլականը» նման է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրության աչքերին փոշի փչելուն, որովհետև նա նախատեսում է «Մարդու իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության ոլորտում գործունեության շարունակական զարգացում,  մարդու իրավունքների խթանում, քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը պետական աջակցության շարունակականություն, նախկին հարկադիր վերաբնակների՝ օկուպացիայից ազատված իրենց հայրենիքներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքի ապահովում, հանդուրժողականության և բազմամշակութային արժեքների խթանում» և այլն։ Նման նպատակներ «սահմանվում» են մի երկրում, որը՝ ըստ 2020 թ․ Բարոյական ազատության միջազգային ինդեքսի, աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը (160-ից), մի երկրում, որտեղ քաղաքացիական ազատությունների ցուցանիշը 2006թ․ 5,6-ից 2022 թ․ նվազել է 2,6-ի, ընտրությունների ժողովրդավարության ցուցանիշը 1992 թ․ 0,36-ի համեմատ 2022 թ․ նվազել է մինչև 0,19, քաղաքական ազատությունների վերջին 20 տարիների ադրբեջանական ցուցանիշը զրոյական է, մամուլի ազատության ցուցանիշով Ադրբեջանը կրկնակի զիջում է Հայաստանին և Վրաստանին։ 

Ադրբեջանը վերջին 20 տարիների ընթացքում, որը համընկնում է Իլհամ Ալիևի պաշտոնավարմանը, վերածվել է մարդկանց հսկայական բանտախցի, որտեղ շարունակաբար սովորեցնում են աներկբայորեն ենթարկվել իշխող բռնապետությանը և ատել հարևաններին, մասնավորապես՝ հայերին։ Նման ատելության դասերի արդյունքներին քաղաքակիրթ աշխարհը ականատես եղավ ի դեմս վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայության դեմ կատարված անդառնալի հանցանքների։ Հետևապես մարդու իրավունքների խթանումը Ադրբեջանում պետք է սկսվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար, ինչպես նաև պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից 1988-1992 թթ․ բռնագաղթեցված ավելի քան կես միլիոն հայության վերադարձի և ոտնահարված բոլոր իրավունքների ճանաչմամբ և դրանց վերականգնման ուղղությամբ գործնական քայլերի կատարմամբ։ Անհնար է խոսել հանդուրժողականության և բազմամշակութային արժեքների խթանման մասին, երբ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողջ հայկական մշակութային ժառանգությունը բարբարոսաբար ոչնչացվել է և այս մշակութասպան վարքը չի արժանացել համապատասխան գնահատականի։ Բազմամշակութային արժեքների խթանումը պետք է սկսվի պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածք UNESCO-ի փաստահավաք խումբ ուղարկելուց և հայկական մշակութային հոգևոր-կրոնական ժառանգության կամ դրա մնացորդների վիճակի արձանագրելուց, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության նկատմամբ հատուկ պահպանություն սահմանելուց։ 

Խիստ վիճարկելի է՝ արդյոք Ադրբեջանը ունի բավարար կամք և ցանկություն մարդու իրավունքների պաշտպանությունը նախընտրական ծրագրից գործնական հողի վրա դնելու համար։ Տասնամյակներ շարունակ ժխտողականության և ազգայնականության ախտով կերակրված հանրությունն ի զորու չէ հաշվի նստել կատարած հանցանքների իրողության հետ։ Ուստի միայն գործնական զսպիչ, կանխարգելիչ և պարտավորեցնող մեխանիզմներն են, որ կարող են Ադրբեջանին հրավիրել քննարկումների սեղանի շուրջ։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կրկին կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել՝ զսպելու ծավալապաշտական նեոազգայնականության  վերարտադրությունը, որը դամոկլյան սրի պես կախված է համաշխարհային հանրության, մասնավորապես տարածաշրջանային երկրների ու ժողովուրդների գլխին»։ 

  • Կիսվել: