շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայի վարչապետը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի օկուպացված դիրքերից

Ֆրանսիայի վարչապետը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի օկուպացված դիրքերից

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին ելույթ ունենալիս Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ վերջինս ցանկանում է «պատժել Հայաստանին խաղաղության ձգտման, իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար՝ սկզբունքներ, որոնք (Մոսկվան) անտեսում է Ուկրաինայում», գրում է Le Figaro-ն։

«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին, քանի որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին՝ միանալով Միջազգային քրեական դատարանին, և որովհետև Հայաստանը պարզապես ընտրել է ժողովրդավարութան և իրավունքի պետության ուղին», – ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։

Գաբրիել Աթալը նաև քննադատել է «Ռուսաստանի հաճոյակատար վերաբերմունքը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում», ուր մինչև անցյալ տարվա վերջ ապրում էր մեծամասնությամբ հայ բնակչություն։ «Այսպես կոչված, «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամը տեղի ունենա», – հավելել է նա:

Գաբրիել Աթալը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի օկուպացված դիրքերից՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերը առաջ են անցել հայկական տարածքի մի քանի կետերում։

«Այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է՝ պաշտպանելու իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր ինքնիշխանությունը և  տարածքային ամբողջականությունը»,- իր խոսքն ամփոփել է Ֆրանսիայի վարչապետը։


  • Կիսվել: