հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանկֆուրտում Ուրարտուն իբրև Ադրբեջան ներկայացնողներին պարզելու նպատակով աշխատանք է տարվում

Ֆրանկֆուրտում Ուրարտուն իբրև Ադրբեջան ներկայացնողներին պարզելու նպատակով աշխատանք է տարվում

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Շուշի Թումանեանը լուսանկար էր հրապարակել ֆրանկֆուրտյան մի ցուցահանդեսից, որտեղ գրված էր՝ Ուրարտուն, իբր, Ադրբեջան է: Լուսանկարն աղմուկ է բարձրացրել գերմանահայության շրջանում:

 

Բանասեր, լեզվաբան Կարինե Հայրապետյանն ասել է, որ ակնկալում է փորձառու պատմաբանների, իրավաբանների աջակցությունը, որպեսզի փաստարկված բողոքարկեն ու վերականգնեն պատմական արդարությունը:

Մեկ այլ օգտատիրոջ՝ Ռոբերտին էլ հետաքրքրում է, թե այս անգամ Հայաստանի թշնամի Ադրբեջանի որքա՞ն կաշառքի դիմաց է աղավաղվել պատմությունը:

«Ոչ մի ազնիվ պատմաբան չի՞ հարցնում կազմակերպիչներին, թե որքան կաշառք են ստացել Ուրարտուն ադրբեջանական հայտարարելու համար։ Ինչ ուզեն, այն էլ անում են կաշառքով, իսկ քաղաքակիրթ աշխարհը խուլ ու համր է ձևանում»,- գրել է նա:

168․am-ը Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նորընտիր ատենապետ Ջոնաթան Շփանգենբերգից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայտնի է, թե երբվանից է սկսվել այս կեղծ ցուցադրությունը: Մեր հարցին ի պատասխան՝ նա փոխանցեց, որ այժմ ուսումնասիրում են՝ պարզելու, թե ո՞վ է կազմակերպել, ու, եթե հաստատվի, որ Ադրբեջանն է, կտրուկ քայլերի են դիմելու:

«Մեզ հետ արդեն կապ են հաստատել գերմանացի և հայազգի պատմաբաններ, ու մասնագիտորեն ժխտվելու է այս կեղծ քարոզչությունը: Նշեմ, որ, ցավոք, այստեղ շատ ակտիվ է թուրքական, ադրբեջանական լոբբին: Նրանք ֆինանսական միջոցներ են ծախսում հակահայկական քարոզչության վրա, տարբեր ամբիոններում հանդես են գալիս»,- մանրամասնեց Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նորընտիր ատենապետը:

  • Կիսվել: