երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտը հերքում է. Ջուլֆալակյանի կինը աշխատանքից չի հեռացվել, նա ազատվել է սեփական դիմումի համաձյան

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտը հերքում է. Ջուլֆալակյանի կինը աշխատանքից չի հեռացվել, նա ազատվել է սեփական դիմումի համաձյան

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը հերքում է լրատվամիջոցներում տարածված լուրերն առ այն, թե իբր Ազգային Ժողովի պատգամավորի մանդատը վայր դնելու մասին «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունից հետո նրա կինը՝ Հերմինե Ղազարյանը, հեռացվել է ՀՖԿՍԻ թարգմանչի աշխատանքից:

Ինչպես հայտնեցին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտից InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան, իրականում Հերմինե Ղազարյանն բուհում աշխատել է 2019 թվականի մարտ-մայիս ամիսներին և աշխատաքից ազատվել է իր դիմումի համաձայն: Ըստ ինստիտուտից տրամադրված տեղեկատվության՝ «Հերմինե Ղազարյանն իրեն դրսևորել է որպես բանիմաց մասնագետ և ինստիտուտի ղեկավարությունը գոհ է եղել նրա մասնագիտական հմտություններից»:

Հիշեցնենք, որ անվանի սպորտսմեն Արսեն Ջուլֆալակյանը, ով 2018 թվականից որոշել էր իրեն դրսևորել նաև քաղաքական ասպարեզում, ԱԺ պատգամավոր էր դարձել իշխող «Իմ քայլը» խմբակցությունից: Սակայն օրեր առաջ նա հանդես եկավ հայտարարությամբ` հայտնելով, որ վայր է դնում իր մանդատը: Ջուլֆալակյանը իր այդ անսպասելի քայլը բացատրեց կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ եղած խորը տարաձայնություններով:

Ջուլֆալակյանի այս հայտարարությունից հետո մամուլում լուրեր տարածվեցին առ այն, թե իբր նրա կինը՝ Հերմինե Ղազարյանը, հեռացվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի թարգմանչի աշխատանքից, երբ պարզվել է, որ ամուսինը վայր է դնում իր մանդատը:

  • Կիսվել: