Եվրոպացիները խրախուսում են Հայաստանին բոլոր այն քայլերում, որոնք կարող են գրգռել Ռուսաստանին, և Հայաստանը գնում է այդ ճանապարհով. Քոչարյան
Կրեմլում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ մտահոգությունները վաղուց են առաջացել, և դրանք հենց այնպես չեն ծագել: Այս մասին RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշել է, որ Մոսկվայում տեղի ունեցած հայտնի հանդիպման ժամանակ դա պարզապես բարձրաձայնվեց։ «Իսկ Հայաստանի քաղաքականությունն այն է, որ [ենթադրվում է] աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի Եվրոպական միություն՝ այդ միությանն անդամակցելու հեռանկարների բացարձակ անորոշության պայմաններում։ Այսինքն՝ եվրոպացիները խրախուսում են Հայաստանին բոլոր այն քայլերում, որոնք կարող են գրգռել Ռուսաստանին, և Հայաստանն, ըստ էության, գնում է այդ ճանապարհով։ Այսինքն՝ Վրաստանի փորձը, Սաակաշվիլիի փորձը կարծես թե... ոչինչ չի սովորեցնում հայաստանյան վարչապետին։
Մեր մոտեցումն այսպիսին է. չի կարելի խառնվել խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների հակասություններին, առավել ևս՝ փոքր երկրներին, քանի որ աղետն անխուսափելի կլինի։ Եվ մենք միշտ բոլորովին այլ քաղաքականություն ենք վարել. մենք պետք է փոխգործակցենք աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այն ոլորտներում, որտեղ նրանց շահերը համընկնում են, այլ ոչ թե խցկվենք այնտեղ, որտեղ դրանք տարամիտվում են։
Տեսեք, թե որն է Փաշինյանի բանաձևը. «Մենք գնում ենք Եվրոպական միություն, սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ Եվրասիական տնտեսական միության հետ մեր հարաբերությունները մոտավորապես այսպես են՝ քանի դեռ դա մեզ ձեռնտու է...»։ Կարծում եմ՝ Ռուսաստանում անձի ինքնագնահատականը՝ որպես քաղաքակրթական շատ ուժեղ բաղադրիչ ունեցող մեծ տերություն, բոլորովին այլ է. «Մենք չենք կարող ձեզ համար լինել ինչ-որ պահեստային դաշտ. մենք ձեզ պետք ենք այնքան ժամանակ, քանի դեռ դուք այնտեղ լուծում եք ձեր հարցերը»։ Դա, կարծում եմ, մեծ երկրի համար նույնիսկ վիրավորական է։ Չեմ կարծում, որ որևէ փոքր երկիր կարող է այդպես ձևակերպել իր արտաքին քաղաքական խնդիրներն ու առաջնահերթությունները ամերիկացիների կամ նույն Բրյուսելի հետ... Եվ դա չի կարող գրգռվածություն չառաջացնել։ Բայց Ռուսաստանի ղեկավարությունը, ընդհանուր առմամբ, համբերատար է, և ես այնպիսի զգացողություն ունեմ, որ դա հանդուրժել են շատ երկար, մինչև հասել է որոշակի կետի, և որոշել են արտահայտվել։ Բայց լարվածությունը եղել է, այն միշտ է եղել, պարզապես, որքանով ես հասկանում եմ այս իրավիճակը, զսպվել է այն հույսով, որ մարդիկ, ի վերջո, կսովորեն, մարդիկ կսկսեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է անհրաժեշտ կառուցել արտաքին քաղաքական կողմնորոշիչները։
Տնտեսական կախվածությունը Ռուսաստանից պարզապես հսկայական է, և Ռուսաստանի համար պետք է տարօրինակ լինի, եթե Հայաստանի ղեկավարությունը վարում է արտաքին քաղաքականություն՝ բացարձակապես կտրված երկրի տնտեսական շահերից։ Այսինքն՝ սրանք շարժումներ են բոլորովին տարբեր ուղղություններով. մի կողմից՝ քաղաքական հայտ քաղաքական մերձեցման մասին Եվրոպական միության հետ, մյուս կողմից՝ ԵՄ-ի տեսակարար կշիռը արտաքին առևտրում նվազում է, իսկ Ռուսաստանինն՝ աճում։ Այս տարաուղղվածությունը խոսում է այն մասին, որ մարդիկ պարզապես չեն հասկանում՝ ինչ են անում»,- նշել է նախկին նախագահը։
Նախկին նախագահը հիշեցրել է, որ հենց իր պաշտոնավարման օրոք Երևանը խոսում էր կոմպլեմենտար քաղաքականության մասին, և այդ կոմպլեմենտարությունն ուներ նաև գործնական պարամետրեր։ «Ի դեպ, իմ ժամանակ Եվրոպական միության հետ ապրանքաշրջանառությունը մոտավորապես նույնն էր, ինչ Ռուսաստանի հետ։ Բայց մենք երբեք չենք ասել, որ քաղաքականապես շարժվում ենք դեպի Եվրոպական միություն. մենք հասկանում էինք, որ դա... նախ՝ անիրատեսական է, անիրատեսական։ Երկրորդ՝ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, ուր Եվրոպական միությունը չի էլ պատրաստվում մտնել»,- հավելել է Քոչարյանը։


