երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եթե քննիչ հանձնաժողովի ստեղծումը տապալվեց, ինձ համար Հայաստանը կդադարի լինել ժողովրդավար երկիր․ Էդմոն Մարուքյան

Եթե քննիչ հանձնաժողովի ստեղծումը տապալվեց, ինձ համար Հայաստանը կդադարի լինել ժողովրդավար երկիր․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կհամարի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է այն ժամանակ, երբ կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի մեղման ուղղությամբ կառավարության ու պարետատան գործունեության արդյունավետությունը ուսումնասիրելու համար իրավունքի ուժով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը ձևավորվի։

«Բազմաթիվ հարցեր կան, պետք է հանձնաժողովը ստեղծվի, ուսումնասիրի։ Ինձ համար Հանձնաժողովի ստեղծումը և նրա գործունեությունը լինելու է լակմուսի թուղթ է, թե որքանով է Հայաստանը ժողովրդավար երկիր։ Սև ու սպիտակ է ինձ համար։ Եթե այս որոշումը տապալվեց, ապա ինձ համար Հայաստանը դադարում է լինել ժողովրդավարական երկիր», - հայտարարեց Մարուքյանը։

Նշենք, որ ամառային արձակուրդներից առաջ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների ¼-րդի նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվեց ԱԺ քննիչ հանձնաժողով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի մեղման ուղղությամբ կառավարության ու պարետատան գործունեության արդյունավետությունը ուսումնասիրելու համար։ Այժմ Ազգային ժողովում քննարկվում է այդ հանձնաժողովի կազմը հաստատելու որոշման նախագիծը։ Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողները առաջարկում են, որ այն ունենա 12 հոգանոց կազմ՝ 7-ը Իմ քայլից, 3-ը՝ Բարգավաճ Հայաստանից, 2-ը՝ Լուսավոր Հայաստանից։

  • Կիսվել: