հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե պաշտոնական Երևանը բացակա է, ասեք իմանանք. Բանավեճ ԲՀԿ-ի և «Իմ քայլի» պատգամավորների միջև

Եթե պաշտոնական Երևանը բացակա է, ասեք իմանանք. Բանավեճ ԲՀԿ-ի և «Իմ քայլի» պատգամավորների միջև

Այսօր ԱԺ արտահերթ նիստում վիճաբանեցին ԱԺ ԲՀԿ-ի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Մասնավորապես, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր դժգոհությունն հայտնեց ԱԺ երեք հանձնաժողովների բյուջետային համատեղ նիստին ԱԳ նախարարի որևէ տեղեկալի չներկայանալու փաստի առնչությամբ։

«Երեկ երեք հանձնաժողովների բյուջետային համատեղ նիստին չէր ներկայացել արտաքին գործերի նախարարի որևէ տեղակալ, ներկայացել էր ընդամենը ֆինանսական վարչության պետը և բավականին տհաճ վիճակում էր հայտնվել, քանի որ կոմպետենտ չէր պատասխանելու հարցերին։ Եթե պաշտոնական Երևանը բացակա է, դրա մասին ասեք՝ մենք իմանանք։ Երեկվանից մինչև հիմա չգիտենք, թե արտգործնախարարի պարտականություններն ով է կատարում։ Սա անհետևանք չպետք է թողնել և, պարո՛ն Միրզոյան, պետք է բացատրություն պահանջել գերատեսչությունից։ Իսկ խորքային նայելով՝ պետք է ասեմ, որ սա խոսում է այն մասին, որ պետական կառավարման համակարգն արդեն իսկ գնում է «на нет»»,–ասաց նա։

Այս ելույթին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, և նշեց, որ այն մարդիկ, որոնք ակնկալում են պետության կործանում, ապա նման բան չի լինելու։ «Կներեք, վերջին անգամ ԲՀԿ խմբակցության պատգամավորները ե՞րբ են մասնակցել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստին ե՞րբ են մասնակցել։ Ուզում եմ լրատվամիջոցները ցույց տան ոչ միայն ամբիոնը, այլ նաև դահլիճը, և ժողովուրդը հասկանա, թե ով է աշխատում Ազգային ժողովում և ով ժամանցով է զբաղված»,–ասաց նա։

Արման Աբովյանը վարման կարգով ձայն խնդրեց և հարցրեց Վլադիմիր Վարդանյանին․«Ինչի՞ց եք տենց ջղայնացել, ես ճիշտն ասած Ձեզ չեմ տեսել այ տենց վիճակում, մենք ասում ենք և կասենք և կկրկնենք՝ այն օրակարգը, որը բերում եք պատերազմից հետո, հիմնականում չի համապատասխանում այն իրավիճակին, որը տիրում է Հայաստանում։ Ինչի՞ց գայինք, քննարկեինք, արտադրական կանեփի՞ց քննարկենք ձեզ հետ»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությանը, մասնավորապես «Բարգավաճ Հայաստանին», ապա Արման Աբովյանն ասաց․«Չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում անեք՝ մենք երբ գանք, ինչ անենք և որտեղ քննարկենք, և մեծ հարց է, թե ով ինչ ժամանց է անցկացնում»,–ասաց նա։

Միքայել Մելքումյանը ձայն խնդրեց և նշեց, որ ընդամենը հակադարձելու մոլուցք կա։ «Պարզ բան է ասված, երեք հանձնաժողովի նիստին չի եկել որևէ պաշտոնական ներկայացուցիչ։ Ֆինանսական վարչության պետը, բացարձակ իրավասու չէ պատասխանել հարցերին, ի՞նչն է զարմանալի ձեզ համար։ Հիմա պետք է ԱԺ–ն իրեն հարգի, հենց հիմա գրեք այդ գերատեսչություն, ասենք՝ դուք կա՞ք այս երկրում, թե՞ չկաք, պարզ բան է, այդքան բան, մի բան կա՞ անհասկանալի, դե ասա»,–ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ իրենք բոլորն ստանում են աշխատավարձ հարկատուների վճարած հարկերից։ «Մեր քաղաքացիները, ծանր եղանակով աշխատելով, վճարում են հարկեր և ունենք նույն լիազորությունները և պարտավոր ենք աշխատել հավասար, և եթե մեկը առավոտից երեկո աշխատում է, իսկ մյուսը չկա, ես հարց եմ տալիս, արդյո՞ք դա նորմալ է»,–ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցությունից վարման կարգով խոսեցին նաև Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը։ Վերջինս նշեց, որ վերջին 7-8 ամիսների ընթացքում չենք տեսնում որևէ մասնակցություն և ներկայացնում ԲՀԿ–ից։ «Երբ խոսում ենք հարկատուների գումարների արդյունավետ ծախսման մասին, առաջին հերթին պետք է հղում անենք մեզ»,–ասաց նա։

  • Կիսվել: