երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եթե նպատակահարմար չեք համարի իմ պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում, ես կհարգեմ այդ որոշումը․ Էդգար Շաթիրյան

Եթե նպատակահարմար չեք համարի իմ պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում, ես կհարգեմ այդ որոշումը․ Էդգար Շաթիրյան

Հայաստանի աԱզգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի ընտրության հարցը: Կառավարության առաջադրած թեկնածուին ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը ներկայացրեց, որ այս թեկնածությունն առաջադրելիս կառավարությունը հաշվի է առել Շաթիրյանի մասնագիտական լուրջ կարողությունները, մարդկային հատկանիշները, փորձառությունը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, սահմանադրական իրավունքի ոլորտներում:

Անդրադառնալով Շաթիրյանի աշխատանքային գործունեությանը՝ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց հիմնականները՝ 2002-2005 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում՝ որպես մասնագետ, 2004-2017 թթ դասավանդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնում, 2007-ին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական, 2015-2019 թթ հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, այնուհետև ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Ներկայումս աշխատում է միջազգային զարգացման իրավունքի կազմակերպությունում՝ որպես ավագ փորձագետ:

Հիշեցնենք՝ Շաթիրյանը ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից առաջադրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ սակայն ընտրվելուց հետո հրաժարական էր ներկայացրել։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը թեկնածուից հետաքրքրվեց արդյոք ավելի լավ էր լինել Հանձնաժողովի նշանակված անդա՞մ, թե իշխանական մեծամասնության կողմից առաջադրված ու ընտրված՝ ունենալով մեծ լծակներ Հանձնաժողովի կազմում։ «Որոշ շրջանակների կողմից այս հարցը քննարկման առարկա դարձել էր և նշվում էր, որ դա կարող է գնահատվել որպես ոչ հարգալից վերաբերմունք Ազգային ժողովի ու հանրության հանդեպ։

Բացարձակապես, անգամ մտքիս ծայրով նման բան չի անցել։ Ավելին, հրաժարականիս տեքստի վերջում ես շնորհակալություն եմ հայտնել ինձ առաջադրած քաղաքական ուժին ու ինձ ընտրած պառլամենտին։ Ոչ հարգալից վերաբերմունքի մասին խոսակցությունները տեղին չեն։ Եթե նպատակահարմար չեք համարի իմ պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում, ես կհարգեմ այդ որոշումը և կհարգեմ ցանկացած որոշում», -ի պատասխան հայտարարեց ՍԴ դատավորի թեկնածուն։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովը ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար առաջադրված երեք թեկնածուների ընտրության հարցն էր քննարկում։ Իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

  • Կիսվել: