Եթե Նիկոլ Փաշինյանն իրոք որոշի թուլացնել Մոսկվայի ազդեցությունը, Ռուսաստանը կպատժի նրան․ Գերմանական «Շպիգելի» անդրադարձը՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին
Գերմանական «Շպիգելը» անդրադարձել է Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին:
«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից», - հարց է հնչեցնում «Շպիգելը»՝ պնդելով, որ այն միջազգային ուշադրությունը, որին արժանացել են հայ-ամերիկյան զորավարժությունները, հիմնականում պայմանավորված է ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստով՝ նախևառաջ ուկրաինական պատերազմով։
«Այդ պատերազմը հանգեցրեց շահերի փոփոխության, Բաքվի և Անկարայի կարևորությունը Մոսկվայի համար էլ ավելի աճեց, քանի որ Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար այլընտրանքային առևտրային ուղիներ են անհրաժեշտ, այդ թվում՝ Ադրբեջանով անցնող «Հյուսիս-հարավ» միջանցքը», - «Շպիգելի» հետ զրույցում նշել է «Արտաքին քաղաքականության գերմանական ընկերացկության» փորձագետ Շտեֆան Մայստերը։ Նրա խոսքով՝ «իրադարձությունների նման զարգացման պատճառով Հայաստանը ավելի մեծ շահերի զոհ է դարձել»։
Դրա հետ մեկտեղ Մայստերը չի կարծում, թե Հայաստանը կարող է առանց լուրջ բարդությունների խզել կապերը Ռուսաստանի հետ. «Փաշինյանը մեզ ազդակներ է հղում՝ «ես պատրաստ եմ հեռանալ Մոսկվայից»։ Արևմուտքը, սակայն, Հայաստանին չի օգնի, ռազմական օգնություն ամեն դեպքում չի լինի», - նշել է գերմանացի վերլուծաբանը։
Մայստերի խոսքով՝ Եթե Նիկոլ Փաշինյանն իրոք որոշի թուլացնել Մոսկվայի ազդեցությունը, Ռուսաստանը կպատժի նրան. «Ռուսաստանը միայն ռազմական լծակներ չէ, որ ունի։ Այդ երկիրը շարունակում է վերահսկել Հայաստանի կենսական ենթակառույցներն ու տնտեսությունը», - «Շպիգելի» հետ զրույցում նշել է գերմանացի փորձագետը։