երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եթե մեկը կարծում է, որ նա պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Եթե մեկը կարծում է, որ նա պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Մինչև Շուշիի ազատագրումը, Շուշիում բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ և, ըստ այդմ, հռետորական հարց է հնչեցրել վարչապետը, ասել է՝ ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական Շուշի՞ է։ Լրագրողների հետ զրույցում նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այս կերպ մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Հիմա եթե որևէ մեկը դրանից բխեցնում է, որ վարչապետը պնդում է կատարել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն այդ մարդը կա՛մ հայոց լեզու հասկանալու խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի: Վարչապետը, ըստ էության, հարց է տվել, ասել է՝ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադրբեջանական բնակչություն է, դուք համարում եք դա հայկակա՞ն, թե ոչ, սա է եղել իր հռետորական հարցը, թող ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետևությունները անի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամվոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, որ հոկտեմբերի 18-ին եղել է հնարավորություն պատերազմը դադարեցվի՝ Շուշին մնա հայկական, վարչապետը պատասխանել է, որ պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ և դրան նախորդած բանակցության գործընթացի ամբողջ ընթացքում չի եղել մի այնպիսի ժամանակ, որ չքննարկվի փախստականների հետ վերադառնալու հարցը։

 

  • Կիսվել: