Եթե իրավիճակի գնահատման արդյունքում պարզ դառնա, որ ճանապարհը նրանց խփելն է, ապա այո՛, պետք է խփել. Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հարց հնչեցրեց, թե որևէ մեկը տեղյա՞կ է՝ ինչ հարցով է Նիկոլ Փաշինյանը դիմել ռուսներին։
Նա համոզմունք հայտնեց, որ նրանք (խմբ.՝ իշխանությունները) անգամ չեն կարողանում ձևակերպել, թե ինչ են ուզում ռուսներից։ Ըստ Արթուր Վանեցյանի՝ նախ պետք է իրավիճակը հասկանալ, պետք է տեսնել՝ ինչ է իրականում կատարվում։
«Եթե իրավիճակի գնահատման արդյունքում պարզ դառնա, որ ճանապարհը նրանց (խմբ.՝ թշնամուն) խփելն է, ապա այո՛, պետք է խփել»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ այդ դեպքում կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, Արթուր Վանեցյանն արձագանքեց․ «Ո՞վ է ասել, որ կլինի լայնամասշտաբ պատերազմ»։
Բացի այդ, նա հարց հնչեցրեց, որ եթե լայնամասշտաբ պատերազմից մենք վախենում ենք, ի՞նչ երաշխիք ունենք, որ վաղը ադրբեջանցին չի գալու մտնի, Սյունիքի մարզը կտրի, չի գալու, մտնի Վարդենիս։
«Այս իշխանությունները ոչինչ չեն կարող անել, նրանք ապաշնորհ, ապիկար և ոչ հայանպաստ լուծումներ առաջարկող են»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխատանքի և խնդիրները ճիշտ ձևակերպելու միջոցով ինքը կարող է աշխատեցնել դաշնակցային պարտավորությունները։
Բացի այդ, Ըստ Արթուր Վանեցյանի, եթե ՌԴ-ն տեսնի, որ իր առջև կանգնած է մարդ, որը մտածում է ՀՀ պետական շահն առաջ մղելու մասին, դաշնակցային հարաբերությունները կկայանան։