Եթե հողը չի օգտագործվում, օրենքի ուժով վերցնենք, սեփականատիրոջը վարձ տանք. վարչապետ
Մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի եւ հողի կատեգորիաների սահմանենք հողի վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում եւ´ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում է, եւ´ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում չէ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային եւ այդ հողերի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են մշակել: Մենք օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության, իրեն վճարենք վարձակալության վճար, եւ պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել: Այսինքն` սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ առումով կադաստրի որոշակի խնդիրներ կան:
«Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետեւանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են տնտեսության զարգացմանը»,-ասաց նա։
«Ամեն, ենթադրենք, 300 քմ հողն ունի մի 10 սեփականատեր, դրանց մի մասը մահացած է, չգիտենք՝ ժառանգները ովքեր են, մյուս մասը Հայաստանում չեն եւ այլն։ Այս կարգի լուրջ խնդիրներ կան, որոնք մանրակրկիտ նյարդային աշխատանք են պահանջում»,-ասաց Փաշինյանը: