շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե ՀՀ իշխանությունները վճիռներ են կայացնում, Արցախում պետք է փորձեն հասկանալ դրա պատճառները և չհակադրվեն․ Վիգեն Խաչատրյան

Եթե ՀՀ իշխանությունները վճիռներ են կայացնում, Արցախում պետք է փորձեն հասկանալ դրա պատճառները և չհակադրվեն․ Վիգեն Խաչատրյան

Լաչինի հարցը հետևյալն է, կողմերը պայմանավորվել են ապահովել Հայաստան-Արցախ անխափան կապ, ընդ որում դրա երաշխավորը Ռուսաստանն է, որին թույլ է տրվել մտցնել խաղաղապահ զորքեր և 5 կիլոմետրանոց տարածքում Ադրբեջանը որևէ իրավունքներ չունենա սահամանափակելու անկաշկանդ տեղաշարժը: Մենք բազմիցս ասել ենք, որ միջազգային ուժերի ներկայություն է պետք, փաստահավաք խումբ է պետք, ռուսները դրան կողմ չեն, բայց իրենք իրենց պարտականությունը չեն կատարում, չեն ասում՝ այս անցակետն իրավունք չունեք այստեղ դնել, դա մեր պատասխանատվության գոտին է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ փաստահավաք առաքելության համար պետք է նաև ՌԴ-ի և Ադրբեջանի համաձայնությունը. «Եթե ՌԴ-ն նման խնդրանքով դիմի, իհարկե՝ կընդառաջեն: Եթե Ռուսաստանը չի ուզում, պետք է ասի՝ ես չեմ ուզում այդ պարտականությունը կատարել, եթե չի կարողանում՝ պիտի ասի ինձ օգնեք: Երկու դեպքում էլ լռում է և փորձում է իր խնդիրները Հայաստանի ուսերին բարդել։ Օրինակ՝ Պուտինն ասում էր, որ ՀՀ-ն գնացել է և Պրահայում ընդունել է Ադրբեջանի սուվերենությունը Ղարաբաղի նկատմամբ, դա ասում է մի մարդ, որը մինչ այդ պնդում էր, որ Ղարաբաղը և հարակից տարածքները եղել են ու կմնան Ադրբեջանի մաս, դա ասում է մի մարդ, որի ԱԳՆ-ն պնդում է, որ ղարաբաղցիները պիտի ունենան Կոսովոյի սերբերի իրավունքները, հիմա ես ինչպես լուրջ վերաբերվեմ այդ մարդկանց հայտարարություններին և ակնկալիքներ ունենամ իրենց հետ քննարկումներից: Այս հարցերում պիտի լինել չափազանց անկեղծ և գտնել լուծումներ: Ինչպես տեսնում եմ ՌԴ-ն ավելի շատ պրոբլեմներ է ստեղծում, քան լուծումներ է փնտրում»:

Անդրադառնալով Արցախում ընթացող գործընթացներին՝ Խաչատրյանն ասաց. «Փորձը ցույց է տալիս, երբ Ղարաբաղի իշխանությունները համագործակցել են ՀՀ իշխանությունների հետ, լավ թե վատ արդյունքներ ենք ունեցել, երբ հակադրվել են, խնդիրներ են առաջացել, դա եղավ 1997 թվականին, երբ Արցախը հակադրվեց ՀՀ իշխանություններին և մենք ստացանք այն, ինչ հիմա ունենք, եթե 1997 թվականին չհակադրվեին, մենք լուծումը գտել էինք: Եթե ՀՀ իշխանությունները վճիռներ են կայացնում, նրանք պետք է փորձեն հասկանալ դրա պատճառները և չհակադրվեն, եթե չեն կարող օգնել, գոնե չխանգարեն: Այն, ինչն այսօր Արցախում կատարվում է՝ շատ վտանգավոր է, չի կարելի, որ Ղարաբաղի պատգամավորները, ԱԺ նախագահը գնահատականներ տան Հայաստանին, մենք իրենց օգնում ենք: Պետք է ըմբռնումով մոտենան և հակառակ քայլեր չանեն: Այն, ինչ հիմա է կատարվում, ես համոզված եմ՝ դրսի ուժերի սադրանքն է»:

  • Կիսվել: