«Եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանց կձերբակալեն» . Ալիևը՝ հայ գերիներին վերադարձնելու մասին
՛՛Ադրբեջանը մինչ այժմ Հայաստանին վերադարձրել է ավելի քան 100 զինվորի, որոնք հանցագործություններ չեն կատարել ադրբեջանցիների նկատմամբ՛՛: Այս մասին El Pais-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
՛՛Նոյեմբերի կեսերին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ռազմական սադրանքի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 30 հայ զինծառայող։ Նրանցից մեկը վիրավորվել է, և մեր բժիշկները վիրահատել են նրան: Ապաքինվելուց հետո վերադարձրել ենք։ Այս խմբից ևս տասը հոգի վերադարձվել է ՀՀ, և նրանցից շատերը բանտարկվել են այնտեց՛՛,-ասել է Ալիևը:
Ալիևը նշել է, որ այն հայ զինվորները, որոնք, իր խոսքով, ՛՛հանցագործություններ՛՛ են կատարել ադրբեջանցիների դեմ, դատարանի առաջ են կանգնել և դատապարտվել են:
Ըստ Ալիևի՝ ոչ մի միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ ՛՛Այլ հարց է, որ պահվող անձանցից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար, վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, իսկ այնտեղ նրանց ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այս մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանց կձերբակալեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը։