Էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա․ Միրզոյան
Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այժմ էլ առկա է:
Ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահական ընտրությունների և ԵԽ-ում ընտրությունների պարագայում լարվածության հավանականությունը կաճի, երբ միջազգային գործընկերները կենտրոնացած կլինի ներքին օրակարգի վրա:
«Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականությունն այս պահին էլ առկա է: Առնվազն այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը»,-ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը նշեց՝ Ալիևի հարցազրույցում հնչել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ: «Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքները կամ մարզերն անվանվում ձևախեղված ձևով, մեծ հաշվով ամբողջ Հայաստանի Հանրապետությունն անվանվում Արևելյան Ադրբեջան: Էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա: Արդյո՞ք այդ հավանականությունը կմեծանա տարբեր երկրներում տեղի ունեցող ընտրությունների ընթացքում, կարծում եմ, որ ռացիոնալ կլինի այդպես մտածել»,-նշեց ԱԳ նախարարը:
Նախարարի խոսքով՝ միջազգային ներգրավվածությունը իրենք կարևորում են այն պատճառով, որ խաղաղությունը, որը ենթադրաբար կկառուցվի, հուսով են կհաստատվի Հարավային կովկասում բախում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերից, այլ նաև տարածաշրջանային դերակատարների շահերից․
«Երևույթները որոնց մենք բախվում ենք կամ որոնց հետ գործ ենք ունենում, ուղղակիորեն առնչվում են այնպիսի արժեքների, որոնք համամարդկային են, այսինքն` երբ որ խոսում ենք էթնիկ զտումներից, երբ որ խոսում ենք մարդկանց իրավունքներից, այս բոլորը վերաբերվում են ոչ միայն երկու երկրներին, այլ նաև ողջ մարդկությանը»: