Ես թաքնվելու խնդիր չունեմ և սեպտեմբերի 1-ին ակնկալում եմ, որ Աղավնոն իր տեղում կլինի, միջանցքը իր տեղում կլինի․ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը իր՝ Արցախ մուտք գործելու արգելքը համարում է մեկանգամյա թյուրիմացություն: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ մարդ իր բացառիկ իրավունքն է լինել Արցախի Հանրապետությունում:
«Ես թաքնվելու խնդիր չունեմ և սեպտեմբերի 1-ին ակնկալում եմ, որ Աղավնոն իր տեղում կլինի, միջանցքը իր տեղում կլինի և պատկան մարմինները՝ Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կվերականգնեն իմ բացառիկ իրավունքը»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ցանկանում է սեպտեմբերի 2-ին Արցախում մասնակցել անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներին: ԱԳ առաջին արտգործնախարարը նշեց, որ հայ ժողովուրդը անկախ իր քաղաքական հայացքներից պետք է համախմբվի։ «Ապրում ենք աննախադեպ լարված և պատասխանատու ժամանակաշրջանում Մենք այս շրջանում պետք է լինենք խիստ պատասխանատու, հաղթահարենք ներքին տարաձայնությունը, ցավը, բաժանումները և քաղաքական նոր լուծում գտնենք»,- ասաց Հովհաննիսյանը: